Գլխավոր Վերլուծություն Նոյեմբերի արտակարգ դեպքերը

Նոյեմբերի արտակարգ դեպքերը

188
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները նոյեմբերին իրականացրել են 1334 ելք (2020 թվականի նոյեմբերին` 1502 ելք): 473 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 597՝ կենցաղային կանչ, 85՝ կեղծ ահազանգ, 179՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 1 265, տուժել` 29 210 մարդ: Փրկարարները 6 մարդու կյանք են փրկել: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, 2020 թվականի նոյեմբերի համեմատությամբ, արձանագրվել է արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհերի թվաքանակի աճ` 387-ով: Տուժածների թվաքանակի նվազել է 14 380-ով: Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներ արտակարգ դեպքերի զգալի մասը` 90,7 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 368 ահազանգ (2020 թվականի նոյեմբերին՝ 478 ահազանգ), հրդեհ է գրանցվել 234 դեպքում (2020 թվականի նոյեմբերին՝ 317 դեպք): 67 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2020 թվականի նոյեմբերին՝ 63): 60 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ յոթ դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը, հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Հրդեհների 69,2 տոկոսը կամ 162 դեպք, գրանցվել է քաղաքներում, 72 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակը նվազել է 45-ով, գյուղական հրդեհներինը՝ 38-ով:

Երեւանում գրանցվել է 87 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 28 հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 4 հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Լոռվա քաղաքները՝ 16 եւ Լոռվա եւ Գեղարքունիքի գյուղերը՝ 12-ական հրդեհ: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքներն ու Տավուշի գյուղերը՝ մեկական հրդեհ:

Նոյեմբերին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 51 դեպք: Սա սակայն 42-ով քիչ է, քան 2020 թվականի նոյեմբերին բուսածածկ տարածքներում գրանցված հրդեհները: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. առանձնատուն՝ 45, աղբ՝ 43, տրանսպորտային միջոց՝ 29, բնակելի շենք՝ 15, տնակ-ավտոտնակ՝ 8, անասնակեր՝ 2 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի նոյեմբերին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 381 կանչ են ստացել: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ, ՃՏՊ-ների վերաբերյալ կանչերի քանակն աճել է 12-ով: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 29, տուժել՝ 501 մարդ: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ, զոհերի եւ տուժածների թվաքանակները նվազել են. համապատասխանաբար՝ 11-ով եւ 34-ով:

Երեւանի փրկարարները ՃՏՊ-ների վերաբերյալ 146 կանչ են ստացել: Մարզերում նման կանչեր ամենաշատը ստացվել են Կոտայքում՝ 49, ամենաքիչը՝ Տավուշում՝ 9: ՃՏՊ-ների հիմնական տեսակներն են՝ տրանսպորտային միջոցների բախումներ եւ շրջումներ, մարդկանց վրաերթեր:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները թունավորումների վերաբերյալ 151 կանչ են ստացել՝ 9-ով ավելի քան 2020 թվականի նոյեմբերին: Այս թունավորումներից զոհվել է 2, տուժել՝ 298 մարդ: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ, զոհվածների քանակը նվազել է 2-ով, տոււժածներինը աճել 130-ով:

Երեւանում գրանցվել է թունավորման վերաբերյալ 74 կանչ: Մարզերից ամենաշատը նման կանչեր արձանագրվել են Արմավիրում՝ 24, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 1: 2021 թվականի նոյեմբերին, Սյունիքի փրկարարները թունավորումների վերաբերյալ կանչեր չեն ստացել:

Թունավորումների հիմնական պատճառներն են. քիմիական նյութեր՝ 46 դեպք, դեղորայք՝ 31, շմոլ գազ՝ 24, բնական գազ՝ 18, սննդամթերք՝ 18, ալկոհոլ՝ 8 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված Նոր կորոնավիրուսի համաճարակից, 2021 թվականի նոյեմբերին զոհվել է 1 231 (2020 թվականի նոյեմբերին՝ 830), տուժել՝ 28 392 (2020 թվականի նոյեմբերին՝ 42 883) մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է վայրի կնեդանիների 8 հարձակում, 7 փլուզում, 6 մերկասառույց, 3-ական պայթյուն եւ քարաթափում, 2 դարափուլ (փլվածք, նստվածք) եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր