Գլխավոր Ուսուցողական նյութեր Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման միջազգային եւ հայաստանյան մեթոդաբանության վերլուծություն

Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման միջազգային եւ հայաստանյան մեթոդաբանության վերլուծություն

607
Տարածել

Հայաստանում տեղական մակար­դակում աղետների ռիսկերի գնահատման (ԱՌԳ) նպատակով կիրառվում է Կարմիր Խաչի եւ Մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ Եվրամիության համատեղ մշակած աղետների ռիս­կե­րի գնահատման մեթոդաբանությունը, որն ունի 12 գործիք. երկրորդային աղբյուրներից տվյալների հավաքագրում, ուղիղ դիտարկում (ակնադիտական զննում), կիսակազմակերպված հարցազրույցներ, պատմական քրոնիկոն (ժամանակացույց), քարտեզագրում, տրանսեկտ գծագրում (Transect Walk), սեզոնային օրացույց, ռեսուրսների քարտեզագրում (կարողությունների քարտեզագրում), շահագրգիռ կողմեր, կենսապահովման միջոցների վերլուծություն, խնդիրների ծառ, վարկանիշ եւ միավորների գնահատում։ Հայաստանում հիմնականում օգտագործվում է այս 12-ից 7-ը. տրանսեկտ գծագրում (Transect Walk), ռեսուրսների քարտեզագրում (կարողությունների քարտեզագրում), կենսապահովման միջոցների վերլուծություն, խնդիրների ծառ, վարկանիշ եւ միավորների գնահատում գործիքները չեն կիրառվում: Սա նշանակում է, որ հետազոտության արդյունքի հավաստիության ցուցանիշը ցածր է։

Հայաստանում մոդելը կիրառող հիմնական կառույցը Աղետ­ների ռիսկերի կառավարման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամն է։ ԱՌՆԱՊ-ն այս մոդելով ուսումնասիրել է 120 բնակավայրի ԱՌՆ գործընթացները:

Միջազգային մեթոդաբանությամբ առաջարկվող ոչ բոլոր գործիքներն են ադապտացվել կամ կիրառական եղել մեր երկրում ԱՌԳ համար, կիրառությունից դուրս են մնացել հիմնական վերլուծական բաղադրիչները՝ կենսաապահով­ման միջոցների վերլուծությունը, խնդիրների ծառի կազմումը, վարկանիշ եւ միավորների գնահա­տու­մը եւ տրանսեկտ գծագրումը։ Մինչդեռ կենսաապահովման միջոցների վերլուծությունը թույլ կտար ԱՌՆ պլաններում հաշվարկել համայնքի արտադրական, սոցիալ-տնտեսական հզորությունները, պլանավորել ռեսուրսների բաշխվածությունը թե՛ ռիսկերի կառավարման, արձագանքման եւ թե՛ հետեւանքների մեղմաց­ման փուլերում։

Խնդիրների ծառի կառուցման բացակայությունը խոչընդոտում է իրավիճակին համապատասխան կառավարչական որոշումների ընդունմանը, քանի որ խնդիրների ծառը թույլ է տալիս բացահայտել խոցելիության եւ դրա դրդապատճառների փոխադարձ կապերը, ուստի խոցելիության նվազեցմանն ուղղված որոշումների ընդունումը կարող է լինել առավել հիմնավորված եւ թիրախային։

Վարկանիշ եւ միավորների գնահատում գործիքը մասամբ կիրառվել է ԱՌԳ փուլում, սակայն այս տվյալները լիարժեք չեն համադրվել հետազոտական մյուս գործիքների արդյունք­ների հետ։

Տրանսեկտ գծագրման դեպքում կարելի է բացահայտել համայնքի վտանգավոր գոտի­ները, տարհանման վայրերը, տեղական ռեսուրսների, այդ թվում բնահողի կիրառման հնա­րա­վորություններն արտակարգ իրավիճակներում, հատուկ գնահատել ռազմական վտանգների ազդեցությունը համայնքի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ մարզերը, բացառությամբ Կոտայքի մարզի, սահմանամերձ են։

Այս գործիքների գործածությունը թույլ կտար հզորացնել հետազոտությունը չափելի ցուցանիշներով, կազմել առավել իրատեսական ԱՌԿ պլաններ եւ ունենալ ֆինանսա­տնտե­սա­կան հաշվարկներ, որոնք անհրաժեշտ են ծրագրեր իրականացնելու բոլոր փուլերում՝ ներ­դրում­ներից մինչեւ արձագանքում։

Քարտեզագրման մեթոդը թույլ է տալիս քարտեզագրել համայնքին բնորոշ վտանգները, կարողություններն ու խոցելի կողմերը։ Այս գործիքն ունի համալրման, վերանայման կարիք:

Հրապարակումը պատրաստվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Բուլանիկյանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հայցորդ, ՃԿՊԱ շրջանավարտ Անի Տերտերյանի «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման միջազգային եւ հայաստանյան մեթոդաբանության վերլուծություն» գիտական հոդվածի հիման վրա: Հոդվածը լույս է տեսել ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի 23-րդ համարում:

Պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ