Գլխավոր ՀՀ ՆԳՆ 5 ուղղություն, 17 միջոցառում, 14,9 միլիարդ դրամ

5 ուղղություն, 17 միջոցառում, 14,9 միլիարդ դրամ

166
Տարածել

Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է «Հայաստանի հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում կատարված աշխատանքների կատարողականը քննարկվեց մայիսի 29-ին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

2022 թվականի պետական բյուջեով նախատեսված արտակարգ իրավիճակների ոլորտում 5 ուղղությամբ (բնական եւ տեխնածին աղետների ռիսկերի նվազեցում, հնարավոր հետեւանքների կանխարգելում եւ վերացում եւ այլն) իրականացվել է 17 միջոցառում, ծախսվել է 14,9 միլիարդ դրամ:

Մասնավորաբար. կազմակերպվել են փրկարարների վերապատրաստումներ, այդ թվում՝ արտերկրում: Հայաստանում սկսել են հակաճառագայթային թաքստոցների եւ ապաստարանների տեղակայման ուսումնասիրություններ, հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը վերաորակավորվել է եւ ստացել հավաստագիր 5 տարի ժամկետով` երկարաձգելով 2015 թվականին ստացած «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորման ժամկետը: Այս թիմը 2023 թվականի փետրվարին երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացրել Սիրիայում եւ Թուրքիայում:

Փրկարար ծառայությունը համալրվել է նոր սարքերով՝ անօդաչու թռչող սարքեր, ստորջրյա դրոններ, գիշերային տեսանելիության սարքեր, փրկարարական ժամանակակից ավտոմեքենաներ, ուսակիր հրշեջ սրսկիչներ, հրշեջ համազգեստ եւ այլն: ԱԹՍ-ներն արդեն կիրառվում են արտակարգ դեպքերի ժամանակ՝ օդային հետախուզություն իրականացնելու նպատակով: