Գլխավոր Վերլուծություն Հուլիսի արտակարգ դեպքերը

Հուլիսի արտակարգ դեպքերը

3283
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հուլիսին իրականացրել են 3308 ելք՝ 270-ով պակաս քան 2020 թվականի հուլիսին: 1643 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 798՝ կենցաղային կանչ, 224՝ կեղծ ահազանգ, 643՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 138, տուժել` 6143 մարդ: Փրկարարները 42 մարդու կյանք են փրկել: Ինչպես դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2021 թվականի հուլիսին եւս, Նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, նախորդ տարիների համեմատ, արձանագրվել է զոհերի եւ տուժածների թվաքանակի աճ, սակայն, 2020 թվականի հուլիս ամսվա համեմատությամբ, եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակները նվազել են՝ համապատասխանաբար՝ 191-ով եւ 7280-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակամիջոցներում, արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 92,9 տոկոս (1629 դեպք) հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներ են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1196 ահազանգ (2020 թվականի հուլիսին՝ 1387 ահազանգ), հրդեհ է գրանցվել 889 դեպքում (2020 թվականի հուլիսին՝ 1030 դեպք): Գրանցվել է նաեւ հրդեհի վերաբերյալ 142 կեղծ ահազանգ:

127 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը կամ սխապատ գոտին, 30 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը, 8 դեպքում՝ աղբաոչնչացման համար նախատեսված վայրում այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Հրդեհների 64,1 տոկոսը՝ 507 դեպք, գրանցվել է քաղաքներում, 35,9 տոկոսը՝ 319 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ եւ՛ քաղաքային, եւ՛ գյուղական հրդեհների քանակը նվազել է համապատասխանաբար` 92-ով եւ 49-ով:

Երեւանում գրանցվել է 377 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 118, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 17: Ըստ համայնքների, ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 60 եւ Կոտայքի, Արարատի գյուղերը՝ 58-ական: Ամենաքիչը տուժել են Տավուշի քաղաքներն ու Լոռվա գյուղերը՝ 6-ական:

Հրդեհների կեսից ավելին՝ 552 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել. աղբ՝ 93, բնակելի շենք՝ 47, առանձնատուն՝ 39, տրանսպորտային միջոց՝ 38, տնակ-ավտոտնակ՝ 17, անասնակեր՝ 8 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ)

2021 թվականի հուլիսին փրկարարները ՃՏՊ-ների վերաբերյալ 464 կանչ են ստացել՝ 35-ով ավելի քան 2020-ի հուլիսին: ՃՏՊ-ներից զոհվել է 31, տուժել՝ 705 մարդ: 2020 թվականի հուլիս ամսվա համեմատությամբ, զոհերի թվաքանակն աճել է 11-ով, իսկ տուժածներինը՝ 143-ով:

Թունավորում

2021 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցվել է 276 թունավորում, զոհվել է 4, տուժել՝ 297 մարդ: 2020 թվականի հուլիսի համեմատ, թունավորման դեպքերի քանակը նվազել է 82-ով, տուժածներինը՝ 73-ով, իսկ զոհվածների թվաքանակը մնացել է նույնը: Թունավորումների հիմնական պատճառներն են. քիմիական նյութ՝ 52 դեպք, ալկոհոլ՝ 39, դեղորայք՝ 31, շմոլ գազ եւ սննդամթերք՝ 7-ական, այլ աղբյուր՝ 139:

Թունավորումների դեպքերի առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում՝ 101 դեպք: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 89 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ մեկ թունավորում:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված Նոր կորոնավիրուսի համաճարակից, 2021 թվականի հուլիսին զոհվել է 102, տուժել՝ 5128 մարդ:

Սիբիրյան խոց

2021 թվականի հուլիսին Շիրակի մարզում գրանցվել է «Սիբիրյան խոցի» համաճարակ, տուժել է 10 մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցվել է 18 ուժեղ քամի, վայրի կենդանիների 12 հարձակում, 7-ական քարաթափում եւ փլուզում, 4 ուժեղ կարկուտ, 3-ական դարափուլ, տեղատարափ անձրեւ, պայթյուն, 1-ական անասնահամաճարակ եւ կայծակնահարում, եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս