Գլխավոր Վերլուծություն Հունիսի արտակարգ դեպքերը

Հունիսի արտակարգ դեպքերը

3252
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի հունիսին Հայաստանի հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հունիս ամսին իրականացրել են 4073 ելք՝ 1006-ով ավելի քան 2020-ի հունիսին: 2385 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 743՝ կենցաղային կանչ, 203՝ կեղծ ահազանգ, 742՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 96, տուժել` 3373 մարդ: Փրկարարները 9 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսի համաճարակի արդյունքում արձանագրվել է արտակարգ դեպքերից զոհերի եւ տուժածների թվաքականի աճ, սակայն 2020 թվականին համաճարակն ավելի լայն տարածում ուներ, ուստի 2020 թվականի հունիսի համեմատ, 2021 թվականի հունիսին նվազել է զոհերի եւ տուժածների քանակը՝ համապատասխանաբար՝ 245-ով եւ 13 761-ով: Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2021 թվականի հունիսին էլ, արտակարհ դեպքերի զգալի մասը՝ 95,3 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1500 ահազանգ (2020 թվականի հունիսին՝ 1078 ահազանգ), հրդեհ է գրանցվել 1241 դեպքում (2020 թվականի հունիսին՝ 827 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թվաքանակն աճել է 414-ով: 129 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2020 թվականի հունիսին՝ 102): 77 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 28 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Հունիսին հրդեհների 67,7 տոկոսը կամ 840 դեպք, գրանցվել է քաղաքներում, 32,3 տոկոսը կամ 401 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հունիսի համեմատությամբ քաղաքային հրդեհների քանակն աճել է 288-ով, գյուղական հրդեհներինը՝ 126-ով: Երեւանում գրանցվել է 628 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 156, ամենաքիչը՝ Լոռին՝ 19: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 46 եւ գյուղերը՝ 110: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի եւ Տավուշի քաղաքները՝ 7-ական հրդեհ եւ Սյունիքի ու Լոռվա գյուղերը՝ 11-ական:

Հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 870 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 112, տրանսպորտային միջոց՝ 52, առանձնատուն՝ 49, բնակելի շենք՝ 39, տնակ-ավտոտնակ՝ 18 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի հունիսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 455 կանչ են ստացել՝ 142-ով ավելի քան 2020-ի հունիսին: ՃՏՊ-ների մոտ կեսը՝ 203 դեպք, բախումներն են: 117 դեպք՝ մարդկանց վրաերթ, 55 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 80 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ստացվել է թունավորման վերաբերյալ 267 կանչ՝ 51-ով ավելի քան 2020 թվականի հունիսին: Թունավորումներից տուժել է 356 մարդ՝ 129-ով ավելի քան 2020 թվականի հունիսին: Դեպքերի առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում՝ 119 դեպք: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 60, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 2: 2021 թվականի հունիսին Սյունիքում թունավորումներ չեն եղել:

Թունավորումների հիմնական պատճառներն են. քիմիական նյութեր՝ 76 դեպք, ալկոհոլ՝ 49, դեղորայք՝ 41, սննդամթերք՝ 23, շմոլ գազ՝ 5 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված Նոր կորոնավիրուսի համաճարակից 2021 թվականի հունիսին զոհվել է 72, տուժել՝ 2371 մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի հունիսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 18 հարձակում, 17 ուժեղ քամի, 9 փլուզում, 7 ուժեղ կարկուտ, 3 քարաթափում, 3 անասնահամաճարակ, 2 ջրահեղձում, մեկական դարափուլ եւ կայծակնահարում եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս