Գլխավոր Վերլուծություն Փետրվարի արտակարգ դեպքերը

Փետրվարի արտակարգ դեպքերը

2258
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2021 թվականի փետրվարին փրկարարներն իրականացրել են 1690 ելք՝ 179-ով պակաս քան 2020-ի փետրվարին: 771 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 457՝ կենցաղային կանչ, 355՝ այլ դեպք, 107՝ կեղծ ահազանգ: Արտակարգ դեպքերից զոհվել է 127, տուժել` 5707 մարդ: Փրկարարները 9 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսի՝ COVID-19, համաճարակով պայմանավորված, 2020 թվականի փետրվարի համեմատ, արձանագրվել է արտակարգ դեպքերից զոհերի եւ տուժածների թվաքանակների կտրուկ աճ՝ համապատասխանաբար 99-ով (4,5 անգամ) եւ 4886-ով (7 անգամ): Արտակարգ դեպքերի 38,6 տոկոսը (390 դեպք) գրանցվել է մայրաքաղաքում, մնացածը՝ մարզերում. ամենաշատը Արարատում՝ 108 դեպք, ամենաքիչը Վայոց ձորի մարզում՝ 21 դեպք:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 87,2 տոկոս կամ 882 դեպք, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 483 ահազանգ (2020 թվականի փետրվարին՝ 552 ահազանգ), հրդեհ է գրանցվել 361 դեպքում (2020 թվականի փետրվարին՝ 411 դեպքում): Հրդեհներից զոհվել է 1, տուժել՝ 8 մարդ: Փետրվարին հրդեհների կեսից քիչ ավելին՝ 187 դեպք (51,8 տոկոս), գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 45 դեպք, տրանսպորտային միջոց՝ 29, առանձնատուն՝ 25, բնակելի շենք՝ 16, տնակ-ավտոտնակ՝ 15 եւ այլն: 63 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2020 թվականի փետրվարին՝ 78): 53 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 6 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

2021 թվականի փետրվարին հրդեհների կեսից ավելին՝ 211 դեպք, գրանցվել է քաղաքներում, 150 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա փետրվարի համեմատ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 17-ով, գյուղական հրդեհներինը՝ 33-ով: Երեւանում գրանցվել է 104 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 61, ամենաքիչը Շիրակը՝ 5 հրդեհ: Ըստ համայնքների. հրդեհներից ամենաշատը տուժել են Սյունիքի քաղաքները՝ 28 եւ Արարատի գյուղերը՝ 41, ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Շիրակի գյուղերը՝ 2 հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի փետրվարին փրկարարները ՃՏՊ-ների վերաբերյալ 322 ահազանգ են ստացել՝ մեկով ավելի քան նախորդ տարվա փետրվարին: ՃՏՊ-ներից զոհվել է 13, տուժել՝ 409 մարդ: 2020 թվականի փետրվարի համեմատ, զոհվածների թվաքանակը  նվազել է 9-ով, տուժածներինը՝ 98-ով:

ՃՏՊ-ների մոտ կեսը՝ 49,4 տոկոս կամ 159 դեպք՝ բախումներն են: 67 դեպք՝ վրաերթ, 39 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 57 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները թունավորման վերաբերյալ 199 ահազանգ են ստացել: Թունավորումներից տուժել է 269 մարդ: 2020 թվականի փետրվարի համեմատ, թունավորումների քանակն աճել է 15-ով, տուժածների քանակը նվազել 39-ով: Թունավորումների 48,7 տոկոսը գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 27 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքը՝ մեկ դեպք: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 55 դեպք, քիմիական նյութեր՝ 48, շմոլ գազ՝ 35, դեղորայք՝ 28, բնական գազ՝ 12, սննդամթերք՝ 9 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված Նոր կորոնավիրուսի համաճարակից 2021 թվականի փետրվարին զոհվել է 111, տուժել՝ 5017 մարդ:

Փլուզում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 43 փլուզում վտանգավոր տարերային երեւույթների, շինության վթարայնության եւ այլն պատճառներով: 26 դեպք գրանցվել է մայրաքաղաքում, 12-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Կոտայքի, մեկական՝ Արմավիրի եւ Լոռու մարզերում:

Այլ դեպքեր

2021 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցվել է 7 մերկասառույց, 6-ական քարաթափում եւ ուժեղ քամի, 3 պայթյուն, 2 ջրահեղձում, մեկական հեղեղում, տեղատարափ անձրեւ, դարափուլ (նստվածք) եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ. հունվարի արտակարգ դեպքերը: