Գլխավոր Սպիտակ-30 «Բոլոր հրշեջներն իրար թեւ ու թիկունք էին»․ վետերանի հուշերը՝ 1988-ի երկրաշարժի մասին

«Բոլոր հրշեջներն իրար թեւ ու թիկունք էին»․ վետերանի հուշերը՝ 1988-ի երկրաշարժի մասին

621
Տարածել

1988 թվականի դեկտեմբերի 7-ն էր։ Երեւանի թիվ 17 հրշեջ մասի դասակի հրամանատար, կապիտան Դավիթ Հակոբյանի ընտանիքում ուրախություն էր սպասվում՝ եղբոր հարսանիքը։ Շատ չանցած՝ իմաց տվեցին, որ հրշեջ մասի մեքենաներն արդեն մեկնել են ավերված Լենինական, իսկ աղետի գոտում հրշեջների հերթափոխը նախատեսվում է դեկտեմբերի 8-ի առավոտյան։

«Երկրաշարժի հետեւանքների մասին հնարավոր չէ պատմել։ Շուրջբոլորն՝ ավերակ, ժողովուրդը՝ մտամոլոր։ Ամեն տեսակ մարդու հանդիպեցինք այդ օրերին։ Հավաքվում էին իրենց փլուզված շենքերի բակում, ծնկներին հաստ ծածկոց գցում ու տաքանում կրակի շուրջ։ Լինում էր՝ մենք էլ էինք նրանց միանում։ Արտահագուստը չորացնելն ամենամեծ խնդիրներից էր»,- վերհիշում է վետերանը։

Հրշեջներն աշխատում էին առանց դադարի, քնում վրաններում կամ մեքենայի մեջ։ Մայր Հայաստանի արձանի մոտակայքում արձագանքող ուժերի հավաքատեղին էր։

Չկար փլուզված տուն, որում հրդեհ չլիներ։ Տեխնիկան չէր հերիքում, հիդրանտները գետնի տակ էին անցել։ Դավիթ Հակոբյանն ասում է՝ «ուրիշի ցավ» հասկացություն չկար, ողբերգությունն ընդհանուր էր, ու եթե դու բանական արարած ես, չէիր կարող այդ ամենի հանդեպ անտարբեր մնալ։

Այսօրվա պես հիշում է, ինչպես հումանիտար օգնություն բերող ինքնաթիռը բախվեց Մարալիկ քաղաքի սարերից մեկին ու կործանվեց։ Հրշեջներն առաջինը հասան դեպքի վայր․ 1000 քմ տարածության վրա անշնչացած մարմիններ էին՝ օգնության շտապողներ, որոնք այդպես էլ տեղ չհասան։

Աղետի գոտում հրշեջների միջեւ իսկական հարազատություն էր ստեղծվել․ «Լենինականի կայազորը շատ կազմակերպված էր, մինչ օրս կապը կա։ 88-ին մենք մի ամուր կառույց էինք, եւ անկախ քո մարզից, շարքային թե սպա լինելուց՝ բոլոր հրշեջներն իրար թեւ ու թիկունք էին»։

Դավիթ Հակոբյանը Լենինականում մնաց գրեթե 20 օր ու համակարգեց հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքները։ Անկեղծանում է՝ երբ տուն վերադարձավ ու վերլուծեց գլխով անցածը, հասկացավ, որ այս կյանքում արդեն ամեն ինչի պատրաստ է առերեսվել։

Այսօր փորձառու վետերանը Հայաստանի ագրարային համալսարանում հրդեհային անվտանգության ինժեներ է։ Հաճախ է ուսանողների հետ խոսում արտակարգ իրավիճակների մասին, երբեմն պատմում դրվագներ իր անցյալից, թե ինչպես են, օրինակ, 30 տարի առաջ ամբողջ Երեւանը 4 հրշեջ-մեքենայով սպասարկել։ Համալսարանի քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների հետ կազմակերպում է վարժանքներ, բացատրում շչակների, կրակմարիչների, ներքին ահազանգման համակարգի նշանակությունը։ Ուսանողներին հայրաբար հիշեցնում է, որ Սպիտակի երկրաշարժը մեր փորձությունն էր, եւ ամեն օրը պետք է օգտագործես՝ անվտանգությունդ ու գիտելիքդ ամրապնդելու համար։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Դավիթ Հակոբյանը

 

Հ.Գ. Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված այլ նյութեր.

«Հիշողություն» 1988 թվականի երկրաշարժը վավերագրած թերթը

Խոսում է վետերանը. «Հրշեջները» Սպիտակի երկրաշարժի գոտում (Հրաչիկ Ասատրյան)