Գլխավոր ՀՀ ՆԳՆ Աղետների ռիսկի նվազեցման Հայաստանի քայլերը բարձր գնահատական են ստանում

Աղետների ռիսկի նվազեցման Հայաստանի քայլերը բարձր գնահատական են ստանում

271
Տարածել

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-19-ը Նյու-Յորքում մասնակցել է Աղետների ռիսկերի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջնաժամկետ վերանայման Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը: Պատվիրակության կազմում էին աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության պաշտոնյաները:

Ըստ Արմինե Հայրապետյանի, հանդիպման ավարտին ընդունված Սենդայի շրջանակային ծրագրի միջնաժամկետ իրականացման գնահատման քաղաքական հռչակագիրը համահունչ է աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանի որդեգրած քաղաքականությանը: ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գլխավոր գրասենյակը բարձր է գնահատում Հայաստանի քայլերը աղետների ռիսկի կառավարման ոլորտում:

Օգտագործելով պատեհությունը, մեր պատվիրակները մի շարք երկկողմ հանդիպումներ են ունեցել՝ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գլխավոր գրասենյակի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարության, Պորտուգալիայի ներքին գործերի պետական քարտուղար Պատրիցիա Գասպարիի ղեկավարած պատվիրակության հետ: Պորտուգալացի գործընկերներին է ներկայացվել կրթական, գիտատեխնիկական ուղղություններով համագործակցության առաջարկ: Պորտուգալիան, ինչպես եւ Հայաստանը՝ բազմաղետային երկիր է եւ աղետների ռիսկի կառավարման հարուստ փորձ ունի: Հատկապես ուսանելի է անտառային հրդեհների դեմ պայքարի պորտուգալական փորձը:

Միջազգային այս հավաքից մեկ շաբաթ անց՝ մայիսի 23-ին եւ 24-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիայի շրջանակներում անցկացվել է «Քաված դասեր» 15-րդ համաժողովը, որին մասնակցում էր 32 երկրի 340 պատվիրակ՝ այդ թվում՝ գիտնականներ: Հայաստանը ներկայացրել են աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը եւ շրջակա միջավայրի նախարարությունից Լիաննա Փափախչյանը: Արմինե Հայրապետյանը կոնվենցիայի բյուրոյի բնատեխնածին աղետների աշխատանքային խմբի համակարգողն է:

Մանրամասն քննարկվել են բազմաթիվ մտահոգիչ հարցեր՝ օրինակ կենցաղային թափոնների աղբավայրերում հրդեհների պատճառները, քաղված դասերը, թույլատրելի եւ անթույլատրելի գործողությունները եւ այլն: Բոլոր հարցերը քննարկվում են Սենդայի ծրագրով արձանագրված «Վերակառուցենք ավելի լավ» սկզբունքով: Արմինե Հայրապետյանի խոսքով, քննարկումը կարեւոր էր փորձի փոխանակման հարթությունում: «Քաղված դասեր» համաժողովի արդյունքում ստեղծվել է աղետների համառոտ վերլուծություններ ամփոփող գիրք, որի եւ էլեկտրոնային եւ տպագիր տարբերակներն արդեն ՃԿՊԱ գրադարանում են: Գրքում տարբեր երկրների աղետներին հաջողված արձագանքների օրինակներ կան: «Մեր ակտիվացումը «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիա շրջանակներում բավական նպաստավոր կարող է դառնալ տեխնոլոգիական ռիսկերի նվազեցման ուղղությամբ ջանքերի իրականացման համար», — վստահ է Արմինե Հայրապետյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ