Գլխավոր Վերլուծություն Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

3182
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սեպտեմբերին իրականացրել են 2624 ելք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կատարված ելքերի քանակը նվազել է 97-ով: 1254 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 813՝ կենցաղային կանչ, 158՝ կեղծ ահազանգ, 399՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 512, տուժել` 20 149 մարդ: Փրկարարները 9 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, 2021 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, գրանցվել է արտակարգ դեպքերից զոհերի եւ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 368-ով (3,6 անգամ) եւ 12 256-ով (2,6 անգամ): Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակամիջոցներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 93,3 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 985 ահազանգ (2020 թվականի սեպտեմբերին՝ 974 ահազանգ), հրդեհ է գրանցվել 734 դեպքում (2020 թվականի սեպտեմբերին՝ 765 դեպք): 108 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2020 թվականի սեպտեմբերին՝ 91): 120 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը կամ ծխապատ գոտին, իսկ 23 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Սեպտեմբերին հրդեհների 63,1 տոկոսը՝ 463 դեպք, գրանցվել է քաղաքներում, 36,9 տոկոսը՝ 271 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ քաղաքային հրդեհների քանակն աճել է 9-ով, գյուղական հրդեհների քանակը նվազել է 40-ով:

Երեւանում գրանցվել է 239 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 164 հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 14: Ըստ համայնքների, ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 91 եւ գյուղերը՝ 73: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ 4 եւ Շիրակի գյուղերը՝ 9: Հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 454 դեպք: 2020 թվականի սեպտեմբերի համեմատ, սակայն, բուսածածկ տարածքներում հրդեհների քանակը նվազել է 34-ով: Բացի բուսածածկ տարածքներից, կրակի բաժին են դարձել. աղբ՝ 76, առանձնատուն՝ 51, տրանսպորտային միջոց՝ 39, բնակելի շենք՝ 26, տնակ-ավտոտնակ՝ 19, անասնակեր՝ 13 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի սեպտեմբերին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 393 կանչ են ստացել՝ 28-ով ավելի քան 2020-ի սեպտեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 27, տուժել՝ 578 մարդ: 2020 թվականի սեպտեմբերի համեմատությամբ ՃՏՊ-ից զոհերի թվաքանը նվազել է 6-ով, իսկ տուժածների թվաքանակն աճել 53-ով:

Թունավորումներ

2021 թվականի սեպտեմբերին փրկարարները թունավորումների վերաբերյալ 158 զանգ են ստացել՝ 319-ով քիչ քան 2020-ի սեպտեմբերին: Թունավորումներից զոհվել է 2, տուժել՝ 168 մարդ: 2020 թվականի սեպտեմբերի համեմատությամբ զոհվածների թվաքանակը նվազել է 24-ով, տուժածներինը՝ 296-ով: Երեւանում գրանցվել է 67 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 40, ամենաքիչը՝ Սյունիքն ու Վայոց ձորը՝ մեկական թունավորում: Թունավորումների հիմնական պատճառներն են՝ 42՝ քիմիական նյութեր, 28՝ ալկոհոլ, 24՝ դեղորայք, 10՝ շմոլ գազ, 54՝ այլ դեպք:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակից 2021 թվականի սեպտեմբերին զոհվել է 482, տուժել՝ 19 399 մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 36 հարձակում, 5 փլուզում, 3 ուժեղ քամի, երկուական ուժեղ կարկուտ, դարափուլ (փլվածք, նստվածք), մեկական՝ պայթյուն, քարաթափում, տեղատարափ անձրեւ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս