Գլխավոր Վերլուծություն Մարտի արտակարգ դեպքերը

Մարտի արտակարգ դեպքերը

2135
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի մարտին Հայաստանի հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտին իրականացրել են 1761 ելք՝ 278-ով պակաս քան 2020-ի մարտին: 759 դեպքում փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 502՝ կենցաղային կանչ, 107՝ կեղծ ահազանգ, 393՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 367, տուժել` 22 017 մարդ: Փրկարարները 6 մարդու կյանք են փրկել: 2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, արձանագրվել է արտակարգ դեպքերից զոհվածների եւ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 331-ով (10,2 անգամ) եւ 20 631-ով (15,9 անգամ):

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակամիջոցներում, արտակարգ դեպքերի զգալի մասը` 90,5 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 446 ահազանգ (2020 թվականի մարտին՝ 1049 ահազանգ), հրդեհ է գրանցվել 322 դեպքում (2020 թվականի մարտին՝ 847 դեպք): 10 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 52 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը կամ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Գրանցվել է հրդեհի վերաբերյալ 60 կեղծ ահազանգ:

Հրդեհների կեսից ավելին՝ 59,6 տոկոսը կամ 192 դեպք, գրանցվել է քաղաքներում, 130 հրդեհ՝ գյուղերում: 2020 թվականի մարտի համեմատ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 263-ով, իսկ գյուղական հրդեհներինը՝ 262-ով:

Երեւանում գրանցվել է 116 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 76 հրդեհ, ամենաքիչը Վայոց ձորը՝ 3 հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Արարատի քաղաքները՝ 19 եւ գյուղերը՝ 57 հրդեհ, ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Սյունիքի եւ Վայոց ձորի գյուղերը՝ երկուական հրդեհ:

Ամենաշատ հրդեհ գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 112: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել աղբ՝ 43, առանձնատուն՝ 41, տրանսպորտային միջոց՝ 36, բնակելի շենք՝ 27, տնակ-ավտոտնակ՝ 14 եւ այլն:

 Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի մարտին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 403 կանչ են ստացել՝ 126-ով ավելի քան 2020 թվականի մարտին: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 197 դեպք, բախումներն են: 89 դեպք՝ վրաերթ, 49 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 68 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

ՃՏՊ-ներից զոհվել է 26, տուժել՝ 568 մարդ: 2020 թվականի մարտի համեմատ զոհվածների թվաքանակը աճել է մեկով, իսկ տուժածներինը՝ 142-ով:

Թունավորում

2021 թվականի մարտին փրկարարները թունավորումների վերաբերյալ 186 կանչ են ստացել՝ 188-ով պակաս քան 2020 թվականի մարտին: Թունավորումներից զոհվել է 2 (2020 թվականի մարտին՝ 6), տուժել՝ 266 մարդ (2020 թվականի մարտին՝ 430):

Մայրաքաղաքում գրանցվել է 89 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 22 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքը՝ մեկ թունավորում: 2021 թվականի մարտին Վայոց ձորում թունավորում չի եղել:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից Հայաստանում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակից, 2021 թվականի մարտին զոհվել է 338, տուժել՝ 21182 մարդ:

Այլ դեպքեր

 2021 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է 18 փլուզում, 13 քարաթափում, 11 ուժեղ քամի, 8 մերկսառույց, 7 հեղեղում, վայրի կենդանիների 2 հարձակում, մեկական ձնաբուք, առատ ձյուն, ձնահյուս եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար