Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՃԿՊԱ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

653
Տարածել

   ՀՀ կառավարությունը 2023 թվականի հունիսի 8-ի N 943-Լ որոշմամբ  հաստատել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրն ու դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը։ 

Ըստ ծրագրի նպատակների՝ պետք է ապահովվեն.

  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորությունները և մատչելի պայմանները՝ բացառելով որևէ խտրականություն,
  • հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ ներառական կրթության իրավունքը կրթության բոլոր մակարդակներում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածությունը և արժանապատիվ աշխատանքը,
  • առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակը,
  • մշակութային իրավունքները, մասնակցությունը սպորտին և ժամանցին,
  • հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները, խնամքի ծառայությունները և նրա անկախ կյանքը,
  • արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը։

   Որոշման շրջանակում ստեղծվել է համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խումբ, որում ներառվել են ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպություններից, ինչպես նաև անկախ փորձագետներ։ Որպես աղետների ռիսկի նվազեցման հարցերով խորհրդատու՝ խմբում ներգրավվել է Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի լրագրող Անի Անտոնյանը։
Մարտի 25-29-ը աշխատանքային խումբն այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ։ Նրանց տրվել է գնահատման հարցաշար, որը մշակել են աշխատանքային խմբի անդամները։
ՃԿՊԱ լրագրողը հասարակական կազմակերպությունների աշխատակիցների հետ քննարկել է ԱՌՆ ոլորտում ակադեմիայի հետ հետագա համագործակցության ու մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները։
Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգության մշակույթի ուսուցումը ակադեմիայի այս տարվա առաջնահերթություններից է։
Մշտադիտարկման խմբերի մարզային այցերի արդյունքներին կանդրադառնանք առաջիկայում։

Գ. Հարությունյան