Գլխավոր Վերլուծություն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

593
Տարածել

   ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռազմավարության առանցքային կետերից է անվտանգության մշակույթի տարածումը հնարավոր բոլոր միջոցներով։
Վերջին տարիներին թատրոններն իրենց բեմադրություններում ակտիվ ներգրավվում են անվտանգության բաղադրիչը։
10 տարուց ավելի «Ընտանիք և Համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության տիկնիկային թատրոնի խաղացանկում է «Աղետիկը» ներկայացումը՝ բեմադրված ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչ, պահեստազորի փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծությունների հիման վրա։ Ներկայացումը շրջագայել է գրեթե բոլոր մարզերով։
ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանի խոսքով՝ համագործակցում են դպրոցների և համայնքային այլ կառույցների հետ, որոնք կարող են դահլիճ տրամադրել։ Ներկայացումն ինտերակտիվ է․ սկզբում Աղետիկը պատմում է տարբեր իրավիճակներում անվտանգության վարքականոնի մասին, ապա առաջարկում միասին հավաքել աղետի պայուսակ։ Երեխաներն իրենք են ցուցադրված բազմաթիվ իրերից ընտրում անհրաժեշտը։
Ք․ Գարանֆիլյանը իրավամբ նկատում է, որ 30 տարի հակամարտության գոտում ենք ապրում, բայց աղետի պայուսակ պատրաստել չգիտենք։ Թե՛ մարդածին, թե՛ բնածին աղետներից պաշտպանված չենք։ Փորձը ցույց է տվել, որ ներկայացումն անհետևանք չի մնում․ երեխաներն իրենց գիտելիքը փոխանցում են ծնողներին։
Տարիներ առաջ կազմակերպությունը նաև առաջին բուժօգնության ծրագիր է իրականացրել ծնողների և խնամատարների համար։ Ներկայումս աղետների ռիսկի նվազեցման թեմաներով միջոցառումների համար ցավոք ֆինանսավորում չունեն։
Հոգեբան-խորհրդատու Վերժինե Սաֆարյանը հավելում է՝ անվտանգություն ասելով՝ մենք հաճախ մոռանում ենք հոգեբանական ոլորտը։ Ապահովության զգացումը գալիս է մարդու հոգեկան ներաշխարհի կայունությունից։
«Ընտանիք և Համայնք» կազմակերպությունն աշխատում է հիմնականում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և ընտանիքների հետ։ «Մենք պետք է քաղաքացի դաստիարակենք՝ նրան հմտություններ սովորեցնելով։ Մեր սոցիալական աշխատողները հիգիենայի թեմայով մեծ աշխատանք  են տանում։ Այն ընտանիքներում, որոնց հետ առնչվում ենք, տարրական հիգիենայի, բարեվարքության և սննդի պակաս կա։ «Բուժումը» պետք է սկսել ընտանիքից»,- ասում է մասնագետը, որը հոգեբանության ոլորտում երկարամյա փորձ է ունեցել Կանադայում։
Հարցին՝ արդյոք Կանադան ունի ԱՌՆ իր մոդելը՝ հոգեբանական աջակցության առումով, Վ․ Սաֆարյանը նշեց, որ մեկ հիմնական տարբերություն կա՝ Հայաստանում «տրամվա» բառը շատ է շահարկվում։ Մեկի համար տրամվան իր դժբախտ ընտանեկան կյանքն է, մյուսի համար՝ երկրաշարժից կամ պատերազմից ունեցած կորուստները։ Կանադայում մանկապարտեզի տարիքից սովորեցնում են, որ կյանքում սպասվում են տրամվաներ, և դրանք պետք է վերապրել։ Երբ դու երեխային տալիս ես անվտանգ ապրելու գիտելիք, ֆիզիկական ապահովության միջոցներ, նա դառնում է հոգեբանորեն կայուն և սովորում է վերահսկել իր խուճապը ցանկացած իրավիճակում․ «Մենք՝ հայերս, ապրում ենք առանց չափանիշների։ «Լավ կլինի» ասելով՝ փորձում ենք ամեն խնդրից խուսափել։ Կյանքն այսօր շատ է բարդացել. դու պետք է ամեն օր նոր բան սովորես. անվտանգության ու ապահովության մոտեցումներն օրեցօր փոխվում են։ Եթե դու դա չես հասկանում, ինքդ քեզ կվտանգես»։
«911 արտակարգ թերթ»-ի ներկայացուցչի այցը «Ընտանիք և համայնք» կազմակերպություն իրականացվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի շրջանակում։ 

  ՃԿՊԱ-ն ծրագրի համակատարող է։
«Ընտանիք և Համայնք» կազմակերպության հետ ակադեմիայի համագործակցությունը շարունակական կլինի։ «Աղետիկը» ներկայացման հյուրախաղերին դեռ կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սվետա Ավետիսյանը