Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ ՊԱՏԱՆԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ

ՃԿՊԱ ՊԱՏԱՆԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ

642
Տարածել

   Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում բարի ավանդույթ է դարձել պատանի հրշեջ-փրկարարների մարզական առաջնությունը։ Ապրիլին Երեւան քաղաքում և մարզերում անցկացվել են տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտներից կազմված թիմերի տարածքային մրցույթներ, ձևավորվել է հիմնական կազմը, որը մայիսին կմրցի հանրապետական փուլում։

   Վարժությունները հինգն են՝

  • պտտաձողի վրա ձգում կախ դրությունից,
  • հրում հատակին պառկած դրությունից,
  • փոխանցումավազք,
  • մարտական հագուստ-հանդերձանքի կրում,
  • համալիր վարժություն:

   Ապրիլի 18-ին  Երևան քաղաքի առաջնությանը, բացի 7 վարչական շրջանները ներկայացնող թիմերից, մասնակցում էր նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։ Միջին մասնագիտական կրթական ծրագրի թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Միջոցառումն անցկացվում էր Երևանի համար 108 միջնակարգ դպրոցում, որն ունի հիմնանորոգված և կահավորված մարզահրապարակ։

   ՃԿՊԱ փրկարարական ամբիոնի դասախոս, պատանի հրշեջ-փրկարարական առաջնության կանոնագրքի համահեղինակ, բազմամյա հրշեջ-փրկարար Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ մրցույթին վերապատրաստվել էր 17 ուսանող։ Ակադեմիան պատրաստ էր առաջնությանը երկու թիմով ներկայանալու, սակայն կանոնակարգով դա չի թույլատրվում։ Թիմերի անդամների քանակը հստակ է՝ 4 տղա, 3 աղջիկ։ Ընտրել են լավագույններին։

   Ակադեմիայի ուսանողներն աչքի են ընկել բոլոր վարժություններում։ Միջոցառման ավարտին ՃԿՊԱ դասախոսը մյուս դպրոցներից փորձի փոխանակման առաջարկ է ստացել։  Տարբեր տարիների ՃԿՊԱ դասախոսների վերապատրաստած պատանի հրշեջ-փրկարարական ազգային թիմերը մասնակցել են միջազգային մրցումներին և հաղթանակած վերադարձել։

   «Ուսանողներս լավն են, պայքարող, կարգապահ։ Մենք մեր խոսքը կասենք հանրապետական փուլում»,- ժպիտով ասաց Հովհաննես Խաչատրյանը։

   Առաջնությունը գնահատել են Երևան քաղաքի փրկարարական վարչության և Փրկարարական ուժերի վարչության մասնագետները։

   Հանրապետական փուլին դեռ կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները