Գլխավոր ՀՀ ՆԳՆ Երեւանում անցկացվում է փրկարարական, միջազգային, հրամանատարաշտաբային վարժանք

Երեւանում անցկացվում է փրկարարական, միջազգային, հրամանատարաշտաբային վարժանք

582
Տարածել

«Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում, մայիսի 15-ին եւ 16-ին Երեւանում անցկացվում է փրկարարական հրամանատարաշտաբային միջազգային վարժանք, որին մասնակցում են փորձագետներ Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից, Գերմանիայից: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Ըստ սցենարի, Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, ինչին հաջորդել են բարդ արտակարգ իրավիճակներ: Հայաստանը օգնության խնդրանքով դիմում է միջազգային կազմակերպություններին: Ակտիվանում է Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու աղետի գոտում հայտնված բնակչությանը: Վարժանքի նպատակն է աղետյալ երկրում աշխատող տարբեր երկրների փրկարարական թիմերի գործողությունների համակցման եւ համագործակցության մեխանիզմների ամրապնդումը:

Հոկտեմբերին նույն թեմայով դաշտային վարժանք է անցկացվելու, որին մասնակցելու են «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմեր Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից: Շտաբային վարժանքի երկու օրվա ընթացքում կհստակեցվեն բոլոր հարցերը. «Ընդունող երկրի աջակցություն», «Աղետների արաձագանքման համակարգման կենտրոնի` Emergency Response Coordination Centre (ERCC) դերն արտակարգ իրավիճակների ժամանակ», «Եվրամիության բնակչության պաշտպանության մեխամիզմի (European Union Civil Protection Mechanism՝ EUCPM) ակտիվացում», «Դաշտային վարժանքի տեղամասերի ներկայացում», «Աշխատանքների եւ ծրագրերի համապատասխանեցում առկա բյուջեին» եւ այլն:

Շտաբային վարժանքի արդյունքների հիման վրա, հուլիսին կանցկացվի դաշտային վարժանքի պլանավորման վերջին համաժողովը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ