Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 600 կանչի են արձագանքել

Փրկարարները 600 կանչի են արձագանքել

436
Տարածել

2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 600 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 84 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 28 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 195 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի բոլոր վարչական շրջաններում, Արարատում, Արմավիրում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 88 կանչ է ստացվել: 51 դեպքում փրկարարները հայտնաբերել եւ բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 23 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 26 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը գազալիցքավորման կայանի ճնշման շինությունում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշ­խատանքների կազմակերպումը առողջարաններում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը, երբ շենքի մոտակայքով անցնում է ցածր ճնշման գազամուղ», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականա­ցումը բժշկական հաստատություններում», «Հրդեհաշիջումը բենզալցակայաններում», «Հրդեհաշիջումը մարզամշակութային կենտրոններում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը նավթաքսուկային նյութերի պահեստում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը հյուրանոցներում», «Հրդեհաշիջումը դպրոցներում», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը առողջարանում» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: