Գլխավոր Սպիտակ-30 «Հիշողություն»․ 1988 թվականի երկրաշարժը վավերագրած թերթը

«Հիշողություն»․ 1988 թվականի երկրաշարժը վավերագրած թերթը

1385
Տարածել

1990 թվականի նոյեմբերի 1-ին Կումայրիում (ներկայիս Գյումրիում) գործող «Կումայրի» քաղաքային թերթը (նախկինում՝ «Բանվոր» օրաթերթ) սկսեց տպագրել «Հիշողություն» հավելվածը՝ նվիրված 1988 թվականի ավերիչ երկրաշարժին եւ նրա հետեւանքներին։ Երեք տարի շարունակ «Հիշողությունը» ներկայացրեց աղետի ողջ պատմությունը, շուրջ 6000 զոհի լուսանկար ու կենսագրական, ավելի քան 4000 վավերագրական լուսանկար աղետի գոտուց, անդրադարձներ միջազգային մարդասիրական ու փրկարարական օգնությանը, տասնյակ գիտական, պատմական հոդվածներ եւ այլն։ Ժուռնալիստական կազմակերպության համադաշնության խորհրդի որոշմամբ՝ «Կումայրի» քաղաքային թերթն իր «Հիշողություն» հավելվածի համար արժանացավ հատուկ մրցանակի, իսկ ԽՍՀՄ եւ միջազգային ժուռնալիստների կազմակերպությունները երեք աշխատողի շնորհեցին միջազգային դափնեկրի կոչում։

Այս հավելվածը ժամանակագրական ուրույն վավերագրություն է, որը բովանդակային պատկերացում է տալիս Սպիտակի երկրաշարժի ողբերգության մասին։ Զրուցել ենք թերթի նախկին լրագրող, Շիրակի Միքայել  Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս Անահիտ Նորիկյանի հետ։

-Ինչու՞ որոշվեց առանձին հավելված ստեղծել։ Քաղաքը դեռ ավերակների մեջ էր ինչպե՞ս էիք իրականացնում թերթի սպառումը։

-Տարբեր վիճակագրական տվյալներով՝ երկրաշարժից Գյումրիում մոտ 16-17 հազար զոհ եղավ։ Հարազատներն այցելում էին «Կումայրի» թերթի խմբագրություն, բերում զոհվածների լուսանկարները, պատմում նրանց ճակատագրերի ու անկատար երազանքների մասին։ Խմբագրական խորհրդի քննարկման արդյունքում որոշվեց ստեղծել «Հիշողություն» հավելվածը, որը դարձավ, այսպես ասած, արհավիրքի թողած տխուր ժառանգության պատմագիրը։

Մինչ երկրաշարժը «Բանվոր» թերթը յուրաքանչյուր գյումրեցու հարազատ ընկերն էր։ Ճիշտ է՝ այն վերանվանվեց «Կումայրի», բայց ընթերցողի ու թերթի կապը մնաց։ Երկրաշարժից փլվել էր խմբագրության ամբողջ շենքը, լրագրողների մեծ մասը մահացել էր, փրկվել էին միայն նրանք, ովքեր շենքից դուրս հանձնարարություն կատարելիս էին եղել։ Շաբաթների ընթացքում խմբագրությունը վերսկսեց գործունեությունը, որովհետեւ դրա կարիքը կար։ Գյումրեցին հավատում էր՝ եթե թերթը լույս է տեսնում, ուրեմն Գյումրին դեռ ապրում է, շնչում է։

Բոլոր համարները սպառվում էին անմիջապես։ Մարդ կար՝ նախապես պատվիրում էր 100-200 օրինակ, փոստատարներն առաքում էին նախանշված հասցեներով։ Հիմնարկ-ձեռնարկություններն իրենց հստակ տպաքանակն ունեին։ Պատահում էր՝ մարդիկ, թերթը գտնելու հույսը կորցրած, գալիս էին խմբագրություն, եւ մենք նրանց բաժին էինք հանում պահուստային ֆոնդից։

-1993-ի դեկտեմբերին հավելվածի գործունեությունը դադարեցվեց։ Կարիքն այլեւս չկա՞ր։

— Երեք տարվա ընթացքում մարդկանց հոսքը խմբագրություն չի դադարել։ Շարունակում էին բերել իրենց զոհված հարազատների լուսանկարները, բանաստեղծությունները, արձակ ստեղծագործությունները։ Այդ տարիներին գյումրեցու հավատարիմ զրուցակիցն ու խոսափողը դարձավ հենց «Հիշողություն» հավելվածը։ Երբ մարդիկ գալիս էին՝ թերթը վերցնելու, նրանց աչքերում այնքան հույս ու սփոփանք էի տեսնում, կարծես սուրբ մասունք տանելիս լինեին։ Շատ ընտանիքներ մինչ օրս պահում են «Հիշողության» համարները։

Թերթը նաեւ դարձել էր մարդկանց որոնելու միջոց։ Շատերը, հատկապես՝ արտասահմանի հայերը, թերթի միջոցով գտան իրենց հարազատներին։ Երկրաշարժից հետո շատ վիրավորների առանց հստակ հասցեի տեղափոխում էին այլ երկրներ՝ վիրահատության։ Թերթն իրար կորցրած մարդկանց կապող օղակն էր։

— Կա այսպիսի հասկացություն՝ ապրեցնող լրատվություն։ Արդյո՞ք հեշտ էր նման ավերիչ երկրաշարժի պայմաններում, նման խավարում լույս գտնելը։

— Ես այդ ժամանակ 24 տարեկան էի, ինստիտուտը նոր էի ավարտել։ Որպես կամավոր՝ մտա թերթ, այնուհետեւ դարձա հիմնական լրագրող եւ աշխատեցի մոտ 25 տարի։

Խմբագրության դուռը բացող ամեն մարդու հետեւում մի ողբերգություն էր։ Շատ եմ տեսել վիրավորներ, անդամահատվածներ։ Լրագրող լինելուց առաջ դու մարդ ես, եւ հնարավոր չէ այդ ամենի հանդեպ անտարբեր լինել։ Նրանք հեկեկոցով պատմում էին իրենց մտերիմների կորստի մասին, ու դու նույնը վերապրում էիր։ Բայց այն գաղափարը, որ քաղաքի ու գյումրեցիների համար մի փոքրիկ լավ բան ենք անում, ոգեւորում էր ու մեծ ուժ տալիս։ Գյումրին դարձել էր ամբողջ աշխարհի գթասրտության կենտրոնը։ Երեք տարի անընդմեջ օգնությունը չէր դադարում, տարբեր երկրներից խմբեր էին գալիս, կատարում իրենց առաքելությունն ու հեռանում։ Մարդիկ իրար օգնում էին, ինչով կարողանում էին։

-Խոսենք հրաշքով փրկվածներից։ Կա՞ն դեպքեր, որոնք Ձեզ տպավորել են։

-Այսօրվա պես հիշում եմ այն դեպքերը, որոնց մասին գրել եմ։ 14 տարեկան Արթուր անունով մի տղայի գտան երկրաշարժից 12 օր հետո՝ ողջ ու առողջ։ Տեխնիկա չկար, մայրն ու հայրը ձեռքերով էին փորել փլատակները։ Հետո տղան ինձ պատմեց, որ պարզ լսում էր հարազատների ձայները եւ մտաբերում, որ քեռին թե հորեղբայրն առաջարկել էր մի քիչ հանգստանալ ու թեյ խմել, իսկ մայրը համառել էր ու շարունակել փորելը։ Արթուրը վզին մեդալիոն էր ունեցել․ ասում էր՝ ծարավը հագեցնելու համար սառը մետաղը հպում էր շուրթերին ու պատկերացնում, որ ջուր է խմում։ Մայրը՝ Նյուռան, վստահ էր, որ որդին ողջ է։ Որոնումների 12-րդ օրը խափանվել էր տեղանքում աշխատող տեխնիկան, եւ հենց այդ ժամանակ էլ մայրը լսել էր որդու հոգոցը։ Մտածել էր, թե իր ապրումների արդյունքն է։ Բայց շուտով որդու ձայնը լսել էր նաեւ հայրը։ Մոր ճիչից մարդիկ հավաքվել էին ու մի կերպ ելք բացել փլատակների միջեւ։ Նյուռան ասում էր՝ Աստծո կամքն էր, որ տեխնիկան փչացավ, այլապես կարող էր վնասել իր տղային։

Երկրորդ դեպքը մոր ու երեխայի մասին էր, որոնց գտել էին 7-րդ օրը։ Մայրը կտրել էր մատն ու օրեր շարունակ զավակին կերակրել սեփական արյունով։

Հիշում եմ նաեւ փոքրիկ Լաուրային, որի ծնողներն ու բոլոր հարազատները մահացել էին։ Նրան որդեգրեց մանկապարտեզի դաստիարակչուհին։

-Թերթը քանիցս անդրադարձել է հյուրընկալ ընտանիքներին։ Ովքե՞ր էին հիմնականում դառնում որբացած երեխաների խնամակալները։ Հետեւու՞մ էիք, թե ինչպես դասավորվեց նրանց ճակատագիրը։

-Այն ժամանակ որբ երեխաների խնամակալության հանձնաժողով կար, որի անդամ էի ես։ Գիտեք, վիճահարույց հարցեր շատ կային։ Օրինակ՝ որբացած երեխայի հայրական ու մայրական կողմի ազգականները չէին կարողանում համաձայնության գալ, թե ով պետք է պահի երեխային։ Անգամ որոշ դեպքերում հարցը լուծում էր դատարանը։ Արտասահմանցիներ նույնպես դիմում էին որդեգրման համար, բայց նրանց զգուշությամբ էինք վերաբերվում։ Բացի դրանից՝ փաստաթղթային բազմաթիվ հարցեր էին առաջանում։

Չմտածեք, թե գյումրեցու մեծամտություն է, բայց անգամ այդ դաժան պայմաններում գյումրեցին պահում էր իր «թասիբը»։ Սեփական վիշտն ատամի տակ սեղմած, առանց տրտնջալու՝ հարյուրավոր ընտանիքներ ընդունեցին ուրիշի երեխաներին, պահեցին ու հասցրին իրենց նպատակին։

-Երկրաշարժից անցել է 35 տարի։ Կողքից դիտորդի համար Գյումրին ծաղկող, իր դիմագիծն ունեցող մշակութային քաղաք է։ Իրականում ինչպիսի՞ն է այսօր մեր Գյումրին։

-Մեզ համար այդ փոփոխությունը շատ դանդաղ ընթացավ, բազմաթիվ դժվարությունների միջով անցանք։ 35 տարվա մեջ տնակներում երեխաներ ծնվեցին, մեծացան։ Իսկական հերոսություն է այդքան փորձություններից հետո նոր կյանք սկսելն ու ընտանիք կազմելը։ Ոչինչ չի կարող այս մարդկանց հոգու վերքը բուժել, սպիացած վերքը։ Բայց գյումրեցին միշտ կարողանում է հնար գտնել, արարել, ապրել ու ապրեցնել։

Այս քաղաքը մի մեծ ընտանիք է․ իմ ընտանիքն է։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Անահիտ Նորիկյանի լուսանկարը՝ վերջինիս ֆեյսբուքյան էջից, մնացած լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ