Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանը մասնակցում է Սենդայի ծրագրի միջնաժամկետ վերանայման բարձրաստիճան հանդիպմանը

Հայաստանը մասնակցում է Սենդայի ծրագրի միջնաժամկետ վերանայման բարձրաստիճան հանդիպմանը

562
Տարածել

Մայիսի 17-19-ը Նյու Յորքում անցկացվում է Աղետների ռիսկերի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջնաժամկետ վերանայման Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության պաշտոնյաները:

Երեք օրում կազմակերպվելու է մոտ 20 թեմատիկ քննարկում. «Ռիսկերի նկատմամբ զգայուն քաղաքաշինության ընդլայնում», «ԱՌՆ տվյալների էկոհամակարգի ամրապնդում՝ վաղվա գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար», «Վաղ ազդարարում բոլորի համար», «Մասնավոր ներդրումներ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում», «21-րդ դարին հարիր ԱՌՆ» եւ այլն:

Հանդիպման պլենար նիստում ՀՀ պատվիրակության ղեկավարը հանդես է գալու պաշտոնական զեկույցով։ Համաժողովի շրջանակներում, Բոթսվանայի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ, առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող եւ փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի (UN-OHRLLS) ու Աղետների ռիսկերի նվազեցման (UNDRR) գրասենյակների համատեղ ջանքերով կազմակերպվում է հարակից միջոցառում՝ «Ընդլայնելով դիմակայունությունը եւ աղետների ռիսկերի նվազեցումը դեպի ծով ելք չունեցող երկրներում» թեմայով քննարկում, որի առանցքում են լինելու աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում առկա տարածաշրջանային մարտահրավերները, դեպի ծով ելք չունեցող երկրների համար առկա լուծումները եւ վերջիններիս կարողությունների զարգացման համար տեխնիկական եւ ֆինանսական աջակցության հնարավորությունները։ Քննարկման բանախոսներից մեկը մեր պատվիրակության ղեկավար, ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն է: Դեպի ծով ելք չունեցող երկրներին վերաբերող թեմայով քննարկմանը մասնակցությունը լավ հնարավորություն է՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում ՀՀ գերակայությունները եւ կարիքները ներկայացնելու, դեպի ծով ելք չունեցող երկրների ձեւաչափում Հայաստանի ակտիվ դերակատարությունը ընդգծելու առումներով։

Բարձրաստիճան հանդիպման արդյունքում ընդունվելու է քաղաքական հռչակագիր, որով սահմանվելու է մասնակից պետությունների մտահոգությունը աղետների պատճառած վնասների, դրանց վերաբերյալ տեղեկատվության բաց, թափանցիկ, հասանելի լինելու, վաղ ազդարարման բազմաաղետային համակարգերի տարածման եւ հասանելիության, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գիտության եւ կրթության զարգացման ու տարածման, խոցելի խմբերի, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երիտասարդության ԱՌՆ գործընթացներում ներգրավելու, ԱՌՆ ազգային պլատֆորմների գործուն համակարգերի ստեղծման եւ մի շարք այլ ոլորտային կարևորագույն խնդիրների վերաբերյալ։ Միաժամանակ, արձանագրվելու է անդամ պետությունների պատրաստակամությունը՝ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ պրոակտիվ գործունեության իրականացման, ազգային եւ տեղական մակարդակներում աղետների ռիսկի կառավարման գործընթացների խթանման ուղղությամբ, կոչ անելով համախմբել ջանքերը, միջոցներ ձեռք առնել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ֆինանսավորման ավելացման ուղղությամբ, նպաստել գիտական եւ տեխնոլոգիական այնպիսի զարգացմանը, որը կաջակցի բնության վրա հիմնված լուծումներին, էկոհամակարգերի պահպանմանը, կայուն զարգացմանը եւ զգալի ազդեցություն կունենա աղետների նկատմամբ դիմակայուն հասարակության ստեղծման վրա։

Մանրամասներին դեռ կանդրադառնանք:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ