Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Ձմռան վտանգները․ մերկասառույց

Ձմռան վտանգները․ մերկասառույց

2447
Տարածել

Ձմռանը մերկասառույցը դառնում է վնասվածքների հիմնական պատճառը։ Սայթաքելու հետեւանքով կարող են առաջանալ մի շարք լուրջ խնդիրներ՝ սալջարդ, ձգում, հոդախախտ, գանգի, ողնաշարի, վերին եւ ստորին վերջույթների կոտրվածք։

Սայթաքելուց խուսափելու համար անհրաժեշտ է քայլել դանդաղ, ձեռքերը գրպաններից դուրս։ Պետք է ընտրել խորդուբորդ տակով կոշիկ, բարձրակրունկները ցանկալի չեն նման պայմաններում։ Եթե զգում եք, որ մերկասառույցի վրա կորցնում եք հավասարակշռությունը, ավելի լավ է կքանստել։ Դա կօգնի ձեզ խուսափել ընկնելուց կամ զգալիորեն կմեղմի ընկնելու հետեւանքները։

Եթե այնուամենայնիվ ընկել եք, պետք է գրագետ կազմակերպել ձեր հետագա գործողությունները։

Սալջարդը մաշկի վնասվածքն է՝ առանց դրա ամբողջականությունը խախտելու։ Վնասված հատվածը կապտում է, նկատվում է ուռածություն, մաշկի տակ առաջանում է արյունազեղում՝ հեմատոմա։

Փափուկ հյուսվածքները վնասելու դեպքում առաջանում է ցավ, աստիճանաբար սահմանափակվում են վերջույթների շարժումները։ Ներքին օրգանների վնասվածքները վտանգավոր են, նույնիսկ՝ մահացու։

Սալջարդի դեպքում անհրաժեշտ է

· վնասված հատվածն անշարժացնել,

· ձիգ վիրակապի կամ վնասված հատվածը վերեւ բարձրացնելու միջոցով դադարեցնել արյան հոսքը դեպի փափուկ հյուսվածքներ,

· սառը կապոցի միջոցով մեղմել ցավը,

· վերքի առկայության դեպքում աղտահանել տվյալ հատվածը։

Ներքին օրգանների վնասվելու դեպքում պետք է անմիջապես զանգահարել արագ արձագանքման մարմիններին։

Ձգումն անհարմար ուղղություններով հոդի շարժումն է։ Ձգման առաջին ախտանշանը տեղային սուր ցավն է, զգալիորեն խանգարվում է հոդի գործառույթը։

Ձգման դեպքոմ անհրաժեշտ է

· վնասված տեղում սառույց դնել՝ հնարավորինս մեղմելով ցավն ու այտուցը,

· ձիգ վիրակապ դնել վնասված հոդի վրա, սակայն շատ չձգել, որպեսզի արյան շրջանառությունը բնականոն ընթանա, եւ տուժածը չկորցնի վնասված մաշկի զգայունությունը,

· վնասված վերջույթը պահել սրտի մակարդակից բարձր։ Այդպես հնարավոր կլինի կանխել արյան ակտիվ հոսքն ու մեղմել այտուցները։

Հոդախախտը ոսկրերի հոդային ծայրերի տեղաշարժումն է։ Ախտանշաններն են վերջույթների ցավը, հոդի ձեւափոխումը, շարժումների սահմանափակումը, վերջույթի անբնական դիրքը, վերջույթի երկարության փոփոխությունը։

Հոդախախտի դեպքում առաջին օգնությունը պետք է լինի ցավի մեղմումը․ անհրաժեշտ է սառը կապոց դնել կամ ցավազրկող հաբ ընդունել։ Վնասված հատվածը պետք է անշարժացնել այն դիրքում, որում մնացել է վերջույթը սայթաքելուց հետո։ Եթե վերին վերջույթն է վնասվել, ապա այն պետք է անշարժացնել եռակողմ գլխաշորով։ Ոչ մի դեպքում չփորձեք ուղղել հոդախախտը։

Կոտրվածքը ոսկրերի վնասվածքն է, երբ խախտվում է դրանց ամբողջականությունը։ Կարող է լինել բաց եւ փակ։

Բաց վնասվածքի դեպքում առաջանում է արտահայտիչ ցավ, կոտրվածքի տեղում վերք, արյունահոսություն, վերջույթի անբնական դիրք, վերքի հատվածում ոսկրի բեկորներ։

Փակ կոտրվածքի դեպքում ախտանշանները նույնն են՝ բացի վերքի առկայությունից։ Վնասված հատվածում առաջանում է արյունազեղում, վերջույթը չափերով մեծանում է։

Եթե գտնվում եք եք տուժածի կողքին, ապա պետք է

· առաջին հերթին համոզվել, որ շուրջն անվտանգ է,

· աչքով զննել վնասվածքը, գնահատել տուժածի շնչառության հաճախականությունն ու գիտակցությունը,

· անմիջապես զանգահարել արագ արձագանքման մարմիններին,

· շնչառության բացակայության դեպքում սկսել սիրտ-անոթային վերակենդանացման գործողություններ։

Բաց կոտրվածքի դեպքում անհրաժեշտ է վերքի վրայից հագուստը հեռացնել, վերքի վրա մաքուր վիրակապ դնել, տուժածին օգնել հարմար դիրք ընդունել, անշարժացնել վնասված վերջույթը, ծածկել տուժածին՝ դողէրոցքը կանխելու համար։

Փակ կոտրվածքի դեպքում պետք է միայն անշարժացնել տուժածի վերջույթը, տաքացնել նրան ու սպասել օգնության