Գլխավոր Վերլուծություն Հայ լեռնափրկարարները՝ հրահանգիչ ու դասավանդող․ վերապատրաստում՝ Ռուսաստանում

Հայ լեռնափրկարարները՝ հրահանգիչ ու դասավանդող․ վերապատրաստում՝ Ռուսաստանում

3203
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2021 թվականի վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասընթացների պլանի համաձայն,  հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի «Պրոֆսերվիս» ուսումնական կենտրոնում անցկացվել է «Ճոպանային համակարգերի միջոցով բարձրությունների վրա աշխատանքներ ուսուցանող մասնագետների պատրաստում» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Մասնակցել են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Վահե Գեւորգյանը, խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Նորայր Ավագյանը, լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Մկրտիչ Անտոնյանը, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Արթուր Սուքիասյանն ու ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Հովհաննես Հովհաննիսյանը։

Ուսումնական ծրագրում ընդգրկված են եղել լեռնափրկարարական, բարձրության վրա աշխատանքներ կատարելու տեսական ու գործնական թեմաներ։ Հայ փրկարարները հանձնել են ստուգարքներ ու պաշտպանել դիպլոմային աշխատանք։

Վերապատրաստվողների խմբի պատասխանատու Վահե Գեւորգյանի խոսքով՝ ձեռք բերված գիտելիքներն իրենց թույլ կտան առաջիկա հինգ տարվա ընթացքում ոչ միայն կատարել ու ղեկավարել լեռնափրկարարական աշխատանքներ, այլեւ դասավանդել։

20-օրյա դասընթացի ընթացքում «փորձություններ» շատ են եղել, սակայն հայ մասնագետները դրանք հաղթահարել են պատվով։ «Սովորեցինք սխեմաներ գծել, տարանջատել փրկարարական գործիքների նշանակությունը, կիրառման տեղն ու ձեւը, քանի որ ընդհանուր տեղեկություն ունենալը դեռ բավարար չէ․ կան օրենքներ, որոնց պետք է հստակ հետեւել։ Օրինակ՝ ճոպան արտադրող ընկերությունը սովորաբար դրա կիրառման ստանդարտներ է սահմանում, եւ այն կարող է ծանրաքաշ տուժածի համար նախատեսված չլինել։ Բոլորս դիպլոմային աշխատանքի տարբեր թեմաներ էինք ընտրել, մեզ քննեցին ոլորտի առաջատար մասնագետները։ Աշխատանքները կպահվեն կենտրոնի արխիվում»,- մանրամասնեց Վահեն։

Դասընթացի շրջանակում մասնակիցներն այցելել են Ուֆայի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկը, ծանոթացել տեխնիկային։ Նրանց զարմացրել էր հատկապես ցրտաշունչ կլիմայական պայմաններում աշխատող ուֆացի փրկարարների տոկունությունը։ Տեղական լրատվամիջոցների հետ հանդիպումից առաջ երկու կողմերը ցուցադրել էին 150 կգ կշռող մանեկենին բարձրությունից իջեցնելու իրենց մեթոդիկան։ Հայ փրկարարները խնդիրը կատարել էին հնարավորինս կարճ ժամանակում, առանց խախտումների։ Արդունքում՝ ցուցադրական վարժանքն անցկացվել էր «հայկական կանոններով»։ Լրատվամիջոցներին տպավորել էր նաեւ Հայաստանի փրկարար ծառայությունում կին փրկարարների ներկայությունը, քանի որ Ուֆայում դա տարածված պրակտիկա չէ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները

Հ.Գ. «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» ուժերով այս տարի կազմակերպված այլ դասընթացներ.

«Հրդեհաշիջման նորարարական եղանակներ»

«Աշխատանք բարձրությունների վրա՝ պարանային համակարգերի կիրառմամբ»

«Ատոմային էլեկտրակայանների հրդեհաշիջման մեթոդները»

«Ճգնաժամային կառավարում»

«Սակրավորների պատրաստություն, պայթյունավտանգ առարկաների հետ շփման անվտանգության հիմունքները»

«Օպերատիվ կառավարում»

«Ջրասուզակների վերապատրաստում»

«Հոգեբանական ծառայության մասնագետների վերապատրաստում»

«Որոնողափրկարարական աշխատանքներ փլատակներում»