Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Օպերատիվ կառավարում»

Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Օպերատիվ կառավարում»

2503
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2021 թվականի վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասընթացների պլանի համաձայն, սեպտեմբերի 20-25-ը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվում է «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման տարածքային ենթակառուցվածքի գործունեության օպերատիվ կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների եւ մարզային փրկարարական տարբեր վարչությունների 8 ծառայող: Իսկ ՃԿՊԱ ուսանողները ունկնդիր են՝ հետեւում են խաղի ընթացքին: Դասընթացը վարում է Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» զարգացման ինստիտուտի ավագ դասախոս, փ/ծ գնդապետ Ալեքսեյ Սկրիննիկովը: Վերջինիս խոսքով, դասախոսությունն անցկացվում է «Արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման կառավարչական որոշման մշակում» գործնական խաղի ձեւաչափով: Այս տարվա ապրիլին նման խաղ-վերապատրաստում արդեն կազմակերպվել էր  ԱԻՆ փրկարար ծառայության այլ ծառայողների համար: Հիմա վերապատրաստումն անցկացվում է նույն խաղի քիչ բարդացված տարբերակով: Ալեքսեյ Սկրիննիկովը հույս ունի, որ վերապատրաստման այս մեթոդը կներդրվի Հայաստանի փրկարարների որակավորման բարձրացման ծրագրերում:

«Արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման կառավարչական որոշման մշակում» գործնական խաղը վերապատրաստումների ունիվերսալ հարթակ է,  որտեղ կարելի է մոդելավորել ցանկացած իրավիճակ՝ հաշվի առնելով նաեւ տվյալ տարածքի առանձնահատկությունները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ