Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Որոնողափրկարարական աշխատանքներ փլատակներում»

Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Որոնողափրկարարական աշխատանքներ փլատակներում»

3455
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2021 թվականի վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասընթացների պլանի համաձայնհոկտեմբերի 25-30-ը անցկացվում է «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում» թեմայով դասընթաց, որին մասնակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» 15 ծառայող: Վերապատրաստման դասընթացի թեմաները մշակվում են ըստ մեր փրկարար ծառայության կարիքների: Այս դասընթացի ծրագիրը կազմել են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» մասնագետները: Դասընթացի տեւողությունը 36 ժամ է, որից երկուսը՝ տեսական, երկուսը՝ կլոր սեղան-քննարկում, 32-ը՝ գործնական պարապմունքներ: Թեմաներն են. «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) մեթոդաբանությունը քաղաքներում որոնողափրկարարական աշխատանքների ոլորտում», «Փլատակներում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման եւ անցկացման հիմունքները», «Առաջին օգնության հիմունքները, տուժածի զննում, անգիտակից մարդուն առաջին օգնության տրամադրում, արյունահոսության դադարեցում, վիրակապում, վնասվածքների ժամանակ առաջին օգնության տրամադրում, անշարժացում», «Փլատակներում վթարավերականգնողական աշխատանքներում օգտագործվող գործիքների եւ հանդերձանքի առանձնահատկությունները, պնեւմատիկ, էլեկտրական, ներքին այրման շարժիչով գործիքներ», «Տեխնիկական որոնում, արգելափակված վայրի տեղայնացում, տեսողական կապի հաստատում, դիրքավորվում փլատակներում», «Արգելափակվածների ազատում, փլատակներում բացվածքների պատրաստում-ստեղծում, քանդված կառուցատարերի բարձրացում եւ տեղափոխում», «Վթարային կառուցատարերի ամրակապում, բացվածքներ, ծածկեր, պատեր», «Խոչընդոտների հաղթահարում նեղվածք պայմաններում, տուժածների դուրսբերում փլատակների տակից»: Բոլոր թեմաների համար մշակված են իրավիճակային խնդիրներ: Դասընթացն անցկացնում են Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» վթարափրկարարական աշխատանքների ամբիոնի վարիչ, գնդապետ Միխայիլ Բալինովը եւ դոցենտ, փոխգնդապետ Դենիս Մյանիսկովը:

Վերջինիս դրական գնահատեց «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տեխնիկական հագեցվածությունը: Գործիքները բավականացնում են բոլորին: Դասընթացից առաջ փրկարարները վերադասավորել են վարժահրապարակը՝ տարբեր սցենարներ խաղարկելու նպատակով: «Կարողանում ենք պանելներ կտրել, տեղափոխել, ամրակայել, փլատակներից դուրս բերել տուժածներին: Գործիքների կիրառության առումով հայ փրկարարները շատ հմուտ են, երեւում է, որ հաճախ են դրանք տարբեր իրավիճակներում օգտագործում: Ոմանց այս դասընթացը նոր բան կսովորեցնի, մյուսները կթարմացնեն գիտելիքը: Շաբաթվա վերջում նախատեսվում է համալիր վարժանք»,- ասաց Դենիս Մյասնիկովը:

ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Սամվել Կոլյանի խոսքով՝ ռուս մասնագետները բավական մանրամասն են մատուցում նյութը: Մեծ ուշադրություն է դարձվում հատկապես առաջին օգնությանը: Մեկ ամիս առաջ նույն մասնագետները վերապատրաստել են նաեւ մեր ջրափրկարարներին:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» ուժերով այս տարի կազմակերպված այլ դասընթացներ.

«Հրդեհաշիջման նորարարական եղանակներ»

«Աշխատանք բարձրությունների վրա՝ պարանային համակարգերի կիրառմամբ»

«Ատոմային էլեկտրակայանների հրդեհաշիջման մեթոդները»

«Ճգնաժամային կառավարում»

«Սակրավորների պատրաստություն, պայթյունավտանգ առարկաների հետ շփման անվտանգության հիմունքները»

«Օպերատիվ կառավարում»

«Ջրասուզակների վերապատրաստում»

«Հոգեբանական ծառայության մասնագետների վերապատրաստում»