Գլխավոր Միջոցառումներ Ռուս մասնագետները վերապատրաստում են հայ ջրափրկարարներին

Ռուս մասնագետները վերապատրաստում են հայ ջրափրկարարներին

3229
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2021 թվականի վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասընթացների պլանի համաձայն, սեպտեմբերի 20-25-ը Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» վթարաորոնողական աշխատանքների ամբիոնի վարիչ Միխայիլ Բալինովը եւ դոցենտ Դենիս Մյանիսկովն անցկացնում են վերապատրաստման դասընթաց հայ ջրափրկարարների հետ : Մասնակցում են Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատի 6 ծառայող:

Տեսական մասի թեմաներն են «Ջրային սուզումների ֆիզիկական հիմունքները, օդի եւ ջրի ֆիզիկական հատկությունները», «Մարդու անատոմիայի հիմունքներ. ջրասուզակների հիվանդություններ, ջրահեղձություն, ռեանիմացիա», «Ջրասուզական գործում կիրառվող ֆիզիկական օրենքներ՝ ջրում անցկացնելու ժամանակը հաշվարկելու համար», «Ջրի բարձր եւ ցածր ջերմաստիճանով պայմանավորված հիվանդություններ», « Ստորջրյա վտանգավոր ֆլորա եւ ֆաունայի պատճառով առաջացած վնասվածքներ եւ հիվանդություններ», «Ապաճնշակման հիվանդություն», «Ճնշավնասք», «Ջրասուզակի ճզմում», «Բարոհիպերտենզիոն սինդրոմ», «Պայթյունային ալիքի պատճառած վնասվածքներ եւ ազոտային թմրազդ», «Թթվածնային թունավորում եւ թթվածնային քաղց», «Ջրասուզական գործի հետ կապված թղթաբանություն» եւ այլն:

Գործնական մասում Սեւանա լճում կիրառվել են վթարաորոնողական գործիքներ, վթարային իրավիճակում հայտված ջրասուզակին ցուցաբերվել է օգնություն, կատարվել է առարկաների որոնում եւ դուրսբերում:

Միխայիլ Բալինովի խոսքով՝ հայ ջրափրկարարները պատրաստված են: Նրանց մեջ կան փորձառու ջրափրկարարներ, որոնք բավական դժվար աշխատանքներ են կատարում: Գործնական պարապմունքների ժամանակ շեշտը հիմնականում դրվել է ստորջրյա որոնողական աշխատանքի կազմակերպման գործողությունների վրա՝ սկսած ջոկատից դեպքի վայր մեկնելուց: Փրկարարները բաժանվել են խմբերի ըստ պարտականությունների. ջրասուզական աշխատանքների ղեկավար, սուզման գործընթացի պատասխանատու, վերջրյա անվտանգությունն ապահովող սուզորդ եւ այլն: Սուզումների առավելագույն խորությունը եղել է 10 մետր:

Ռուս մասնագետը խոսեց նաեւ սուզումից առաջ բժշկական ապահովման մասին, ինչը Հայաստանի օրենսդրությամբ կարգավորված չէ: Ռուսաստանում, օրինակ, պարտադիր պայման են ճնշամեղմման խուցը (բարոկամերա) եւ ջրասուզակային բժիշկը:

Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությունը, ապա Բալինովի կարծիքով՝ այս ոլորտում անընդհատ ներդրումներ են պետք, միայն ջրասուզակների պատրաստվածությունը բավական չէ:

«Անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել եւ համալրել տեխնիկան: Ջուր մտնելու պահից մարդու կյանքի հարց է դրվում: Ցանկալի կլիներ, որ հանրապետության մասշտաբով ձեռք բերվեր թեկուզ մեկ բարոկամերա եւ պատրաստվեին նեղ մասնագետներ, որոնց ջրասուզակները կկարողանան դիմել»,- ամփոփեց մասնագետը:

Սեպտեմբերի 24-ին ջրափրկարարները հանձնել են քննություն եւ ստացել հավաստագիր:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ռուս մասնագետները