2017 թվականին Արմավիրի փրկարարներն սպասարկել են 4604 ահազանգ: Արմավիրում գրանցվել են առատ ձյուն, փլուզում, կարկուտ, հորդառատ անձրեւ եւ այլն: Նաեւ հրդեհներ ու տեխնածին բնույթի արտակարգ դեպքեր: Միայն հրդեհների պատճառած նյութական վնասը ավելի քան 38 միլիոն դրամ է: Ի հավելումն. ձյան առատ տեղումների հետևանքով մարզում երկու փլուզում է եղել, ուժեղ կարկտահարության հետևանքով 13 համայնքի հողատարածքներ վնասվել են 60-100 տոկոսով, ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքերի տանիքներ, հորդառատ անձրևներից Մեծամոր քաղաքի Այգեգործական թաղամասի մոտակա սելավատարի ջրի մակարդակը բարձրացել է և ողողել Ակնալիճ գյուղի հողատարածքները՝ մոտ 25 հա: Առատ ջրի հոսքի հետևանքով Նորապատ գյուղի ջրանցքից ջուրն արտահոսել և ողողել է հարակից տարածքները, մոտակա կիսանկուղային անասնագոմում ջրի մակարդակը հասել է 2 մ-ի, ինչի հետևանքով 14 ոչխար ջրախեղդ է եղել:
Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանի խոսքով, Արմավիրի փրկարարները 2017-ին օգնության են հասել Վայոց Ձորի, Արարատի և Արագածոտնի մարզերի իրենց գործընկերներին՝ նշված մարզերում ծագած խոշոր հրդեհների հրդեհաշիջման ժամանակ:
2017-ին Արմավիրի փրկարարները տեխնիկական համալրում են ստացել. «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» տրամադրել է «ԿԱՄԱԶ» մակնիշի մեկ հրշեջ ավտոմեքենա, հրշեջ-փրկարարական գույք եւ սարքավորումներ:
«Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և 911 ծառայության ստեղծումը դրական ազդեցություն է ունեցել ահազանգի ընդունման արագ արձագանքման, վթարափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման օպերատիվ կառավարման ուղղությամբ», — 2017 թվականի աշխատանքներն ամփոփելիս փաստեց Հովհաննես Մարգարյանը:
Ի գնահատումն փրկարարների վաստակի, մարզի ղեկավարությունը մի խումբ փրկարարների պարգևատրեց շնորհակալագրերով և պատվոգրերով:
Մերի Սողոմոնյան
Հ.Գ.Այլ մարզերի ամփոփումներ