Գլխավոր Նորություններ Վերապատրաստում ՌՀՄԱԿ-ում. ԱԹՍ-ների կառավարում

Վերապատրաստում ՌՀՄԱԿ-ում. ԱԹՍ-ների կառավարում

377
Տարածել

Ապրիլի 17-21-ը «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» անցկացվում է «Անօդաչու թռչող սարքերի կառավարման հիմքերը» սկզբնական դասընթաց։ Մասնակցում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գեւորգ Ավագյանը, Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր    Գագիկ Եփրեմյանը, Կոտայքի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Տիգրան Կարապետյանը, ԵՓՎ ՀՓԱԿ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Խորեն Ավետիսյանը եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ ավագ լեյտենանտ Վահագն Հովակիմյանը։

Դասախոսում են ՌՀՄԱԿ օպերատիվ կառավարման բաժնի ղեկավար Եվգենի Գորելովը, մասնագետներ Անդրեյ Պրոտունկեւիչը եւ Անտոն Սերենկոն։

Եվգենի Գորելովի խոսքով՝ այս տարի պարապմունքները բաժանել են երկու՝ նախնական եւ խորացված մակարդակների։ Այս պահին փրկարարներն անցնում են նախնական պատրաստություն, որը ներառում է անօդաչուների կառավարման հիմունքները, անվտանգության տեխնիկան, նորմատիվ-իրավական դաշտը, ծրագրային ապահովման հետ կապված նրբությունները։

«Շեշտը դնում ենք հիմնականում պրակտիկ աշխատանքի վրա, որպեսզի զարգացնենք թռիչքի կառավարման ֆիզիկական հիշողություն։ Շատ կարեւոր է, որ այսուհետ փրկարարների ուսուցումը շարունակական է լինելու։ Խորացված փուլում ուսումնասիրելու ենք ավտոմատ թռիչքի հիմունքները, տեղանքի եւ օբյեկտի պատկերի թվային տրանսֆորմացիան, աշխատելու ենք դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում»,- մանրամասնեց Գորելովը։

Խորացված ուսուցման փուլը այս տարվա սեպտեմբերին է լինելու, անցնելու են միայն նախնական պատրաստության թեստը հաջող հանձնած մասնակիցները։

Ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գեւորգ Ավագյանը նշեց՝ սա իր առաջին դասընթացը չէ։ Մասնակցել է նաեւ Ստեփանավանում անցկացված ԱԹՍ թեմայով եռօրյա դասերին։

Այս դասընթացի շրջանակում օգտագործվում են թե՛ մարզերի, թե՛ կենտրոնի դրոնները, որոնք ֆունկցիոնալ առումով տարբեր են։ «Տեխնոլոգիան անընդհատ զարգանում է։ Ամեն անգամ սովորելու նոր բան կա։ Դրոնները կարեւոր են հատկապես անտառային հրդեհների ժամանակ, եւ նույնիսկ տեղանքին ոչ ծանոթ ստորաբաժանումները կարող են հետախուզություն անել եւ օգնել որոնողական աշխատանքներին»,- ասաց Գեւորգը։

ՌՀՄԱԿ-ի դրոններն իրենց տեխնիկական հնարավորություններով ավելի հզոր են, ունեն լավ լուսավորություն, Google քարտեզի հնարավորություն, որը թույլ է տալիս դրոնը կառավարել մեծ հեռավորության վրա։

Դասընթացի ավարտից հետո մասնագետները պետք է իրենց գիտելիքը փոխանցեն հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավար կազմին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ