Գլխավոր ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի փրկարարները ամփոփում են նախորդ տարին

Գեղարքունիքի փրկարարները ամփոփում են նախորդ տարին

802
Տարածել

Հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմաց տեղի ունեցավ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից մարզային փրկարարական վարչությանը տրամադրված հրշեջ փրկարարական, ջրափրկարարական և օպերատիվ մեքենաների, մոտորանավակների, փրկարարական հատուկ սարքավորումների և գույքի հանդիսավոր ցուցադրություն, որին հաջորդեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի գործունեության ամփոփումը։

Նախքան ամփոփումը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը նշեց. «5 մետաղյա և երկու փչովի մոտորանավակներն անխափան աշխատանք կապահովեն և կօգնեն ավելի օպերատիվ կազմակերպել որոնողական աշխատանքները՝ փրկելով մարդկային կյանքեր»։

Նախորդ տարի Գեղարքունիքում գրանցվել է 624 արտակարգ դեպք (2016թ.` 609), զոհվել է  15  մարդ (2016թ.` 24), մարմնական վնասվածքներ ստացել 115-ը (2016թ.` 65): Տեխնածին արտակարգ դեպքերից 232-ը հրդեհներ են, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 109-ով (88,6%-ով)։ Հատուկ ջրափրկարարական ջոկատն արձագանքել է 31 կանչի, մասնակցել Հայաստանի այլ մարզերի և Արցախի ջրային տարածքներում ստորջրյա որոնողական աշխատանքների ։

Ըստ տարեկան պլանի՝ իրականացվել են հրամանատարաշտաբային, շտաբային և օբյեկտային ուսումնավարժություններ։ Հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներում անցկացվել են 32 հատուկ տակտիկական ուսումնավարժություն և 240 տակտիկական պարապմունք:

Թարմացվել է մարզի պաշտպանական կառույցների, ուժերի և միջոցների,  տեխնիկաների  վերաբերյալ տեղեկատվական բազան: Կատարվել է մարզի ապաստարանների պահպանության վիճակի ուսումնասիրում: Մարզում առկա 3 ապաստարանն ու 63 հակաճառագայթային թաքստոցն ունեն վերանորոգման և կահավորման կարիք։ Սահմանամերձ համայնքի դպրոցներից մեկի հետնամասում կառուցվել է պարզագույն թաքստոց:

Ճշտվել և ուսումնասիրվել են մարզում տեղադրված բնակչության ազդարարման շչակները և տեխնիկական վիճակը:   Բնակչության ազդարարման համար տեղադրված  41  շչակից 13-ը անսարք են, անհրաժեշտ է ևս 117-ը շչակ: Մարզային վարչությունում և Ճամբարակի ջոկատում տեղադրվել են 2 թվային ռադիոկայան՝ մեկական վերահաղորդակներով: Ազդարարման համակարգի վերազինման խնդիրը ներառված է մարզի սոցիալ տնտեսական զարգացման 2017-2025 թվականների ծրագրում:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանի խոսքով՝ նախորդ տարի գրանցված մեծաքանակ հրդեհների պատճառը երաշտն էր։ Փրկարարները հանդիպել են բնակչությանը՝ բացատրելով շոգ եղանակի հնարավոր վտանգներն ու դրանց կանխման միջոցները։

Մարզում կայուն կերպով զարգանում է կամավոր փրկարարական շարժումը։ Շողակաթ համայնքում (նախկինում՝ Շորժա), որի կազմում խոշորացումից հետո 6 բնակավայր կա, 36 կամավոր անցել է դասընթացներ, նախատեսվում է ստեղծել հրշեջ-փրկարարական հենակետ։

Անի Անտոնյան