Գլխավոր ՀՀ ԱԻՆ Տարվա ամփոփում. Շիրակում ստեղծվել են համայնքային և մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմեր

Տարվա ամփոփում. Շիրակում ստեղծվել են համայնքային և մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմեր

746
Տարածել

Ինչպես Հայաստանի այլ մարզերում, Շիրակում նույնպես այս օրերին փրկարարներն ամփոփում են 2017 թվականը: «2017թ. մեր մարզի համար առանձնացավ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գրանցված մեծամասշտաբ հրդեհներով: Աշոցքի տարածաշրջանի Կաքավասար գյուղի վարչական տարածքում գտնվող սարի խոտածածկ տարածքի  խոշոր հրեդեհը 120 հա տարածք ընդգրկեց, իսկ  Ջաջուռի մոտակա սարալանջին բռնկված հրդեհը 50 հա խոտածածկ տարածք էր զբաղեցնում:  Երրորդ խոշոր հրդեհը Գյումրու Մայր Հայաստան հուշակոթողի հարակից «Հայանտառի»  42 հա տարածքում բռնկված հրդեհն էր, որից, բարեբախտաբար այրվեց 15 հա: Երեք խոշոր հրդեհների դեպքում էլ հաջողվեց արդյունավետ գործելու արդյունքում կանխել տարածումը և նվազագույնի հասցնել վնասները: Փրկարարական ուժերին միացել էին նաև համայնքների բնակիչները, համայանքապետերը, Գյումրու կայազորի զինվորականները և այլն», — 2017 թվականի ամփոփ հաշվետու զեկույցում նշեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կարապետյանը:

2017 թվականին Շիրակ մարզում գրանցվել է `661 արտակարգ դեպք ( 2016 թվականին՝ 622), զոհվել է` 26 (2016թ.`29), վիրավորվել` 399 մարդ (2016թ.`364): Նյութական վնասը՝ 642,537 միլիոն դրամ: 2016 թվականին նյութական վնասը 1,423 միլիարդ դրամ էր:

Բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման նպատակով անցկացվել են շտաբային, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ:

Բացի այդ, մարզում ստեղծվել է 65 մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմ, որոնցում ընդգրկված է 52 դպրոցի 521 բարձր դասարանի աշակերտ: Իսկ Հայկական Կարմիր Խաչի ընկերության, Շիրակի մարզպետարանի և Շիրակի մարզային փրկարարական վարչության համագործակցությամբ «Կառուցենք դիմակայուն համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրով մարզի 25 համայնքում ստեղծվել են 20 հոգանոց համայնքային փրկարարական թիմեր, որոնք ապահովված են պարզագույն փրկարարական գործիքներով, գույքով և հանդերձանքով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հ.Գ. Այլ մարզերի ամփոփումները

Սյունիք , Գեղարքունիք , Լոռի, Արարատ, Տավուշ , Կոտայք