Գլխավոր ՀՀ ՆԳՆ Կոտայքի փրկարարներն ամփոփեցին 2017 թվականը

Կոտայքի փրկարարներն ամփոփեցին 2017 թվականը

851
Տարածել

Հունվարի 22-ին Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների 2017թ. կատարած աշխատանքների հաշվետու նիստը:  Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանը  ներկայացրեց վիճակագրությունը. 2016 թ.-ի համեմատ՝ 2017թ.-ին  արտակարգ դեպքերն աճել են 479-ով, կամ  29%-ով: Զոհվել է 25 մարդ, 2016-ին՝ 20 մարդ, վնասվել՝ 113 մարդ: Դեպքերի մեծ մասը՝ 912, հրդեհներն են: Կոտայքի փրկարարները բացի ահազանգերին արձագանքելուց անցկացրել են նաև շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Կոտայքի փրկարարները Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տեխնիկան և գույք են ստացել (ավտոմեքենաներ, շարժական հրշեջ մոտոպոմպ, Էլեկտրակայան-գեներատորներ, ջրի փափուկ բաքեր 1000լ և 1500լ, ունիվերսալ հիդրավլիկ վթարա-փրկարարական գործիքների լրակազմ, տուժածին հայտնաբերման սարք, շնչառական ապարատներ, վրաններ , լուսային աշտարակ), սեփական ուժերով Ծաղկաձորում կառուցել փրկարարական մեքենաների ավտոկայանման ծածկ, ձեռք բերվել ձնագնաց մեքենա:

Նիստում ներկայացվեցին նաեւ առկա խնդիրները, բացթողումներն ու թերությունները: Մասնավորապես.

. Մարզի մի շարք գյուղական համայնքներում ջրաղբյուրների բացակայության պատճառով անհնար է լինում հրշեջ մեքենայի ջրով լիցքավորումը: Առկա հիդրանտների մեծ մասը չի գործում:

. Անհրաժեշտ է նորոգել մարզում առկա ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները, թարմացնել ազդարարման համակարգի սարքերը:

. Հրդեհաշիջման աշխատանքները առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով հարկ է Բյուրեղավան, Գառնի և  Մեղրաձոր համայնքներում ստեղծել հրշեջ-փրկարարական հենակետեր:

2017 թվականին կատարված աշխատանքն արդեն ամփոփել են Արարատի, Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի փրկարարները:

Մերի Սողոմոնյան