Գլխավոր Վերլուծություն Օգոստոսի արտակարգ դեպքերը

Օգոստոսի արտակարգ դեպքերը

172
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2022 թվականի օգոստոսին փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 3464 ելք: 1712 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 856՝ կենցաղային կանչ, 183՝ կեղծ ահազանգ, 599՝ այլ դեպքերի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կատարված ելքերի քանակը նվազել է 3-ով: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 83, տուժել` 8578 մարդ: Փրկարարները 53 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսային համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված, արձանագրվել է  զոհվածների եւ տուժածների թվաքանակի կտրուկ նվազում՝ 2021 թվականի օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 206-ով եւ 4499-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 93,3 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներին են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1382 ահազանգ (2020 թվականի օգոստոսին՝ 1336 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 1074 դեպքում (2021 թվականի օգոստոսին՝ 1051 դեպք): 138 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2021 թվականի օգոստոսին՝ 120): 140 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիք եւ ծխապատ գոտի (2021 թվականին՝ 126), իսկ 30 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումներ (2021 թվականի օգոստոսին՝ 39 դեպք) հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Օգոստոսին հրդեհների 61,3 տոկոսը՝ 658 դեպք, գրանցվել է քաղաքներում, 38,7 տոկոսը՝ 416 դեպք, գյուղերում: Նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 28-ով, գյուղական հրդեհներինը՝ նվազել է 5-ով: Երեւանում գրանցվել է 284 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 240 հրդեհ, ամենաքիչը՝ Արմավիր՝ 28: Ըստ համայնքների: Ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 129 եւ գյուղերը՝ 111: Ամենաքիչը՝ Արմավիրի քաղաքները՝ 9 հրդեհ եւ Վայոց ձորի գյուղերը՝ 18 հրդեհ:

Օգոստոսին հրդեհների կեսից ավելին՝ 656 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 140, տրանսպորտային միջոց՝ 59, առանձնատուն՝ 46, բնակելի շենք՝ 31, տնակ-ավտոտնակ՝ 21, անասնակեր՝ 11 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2022 թվականի օգոստոսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 408 ահազանգ են ստացել՝ 1-ով ավելի քան 2021-ի օգոստոսին: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 40, տուժել՝ 598 մարդ: 2021 թվականի օգոստոսի համեմատությամբ նվազել է եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակը, համապատասխանաբար 7-ով եւ 9-ով: ՃՏՊ-ների 35,5 տոկոսը՝ 145 դեպք, գրանցվել է Երեւան քաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 45 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 9 ՃՏՊ:

Թունավորում

2022 թվականի օգոստոսին փրկարարները թունավորումների վերաբերյալ 314 կանչ են ստացել: Այս թունավորումներից զոհվել է 3, տուժել՝ 315 մարդ: 2021 թվականի օգոստոսի համեմատությամբ, թունավորումների դեպքերն աճել են 43-ով, զոհվածների քանակը՝ 2-ով, տուժածների թվաքանակը՝ 29-ով:

Դեպքերի 38,9 տոկոսը՝ 122 թունավորում, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 92 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքը՝ մեկ թունավորում:

Թունավորումների հիմնական պատճառներն են՝ ալկոհոլ՝ 78, քիմիական նյութեր՝ 46, դեղորայք՝ 41, շմոլ գազ՝ 14, սննդամթերք՝ 12 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտ ամսից հանրապետությունում բռնկված կորոնավիրուսի համաճարակից 2022 թվականի օգոստոսին զոհվել է 20, տուժել՝ 7579 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 32 հարձակում, 12 փլուզում, 9 ուժեղ քամի, 5 ուժեղ կարկուտ, 3-ական պայթյուն եւ քարաթափում, եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս