Գլխավոր Վերլուծություն Մարտի արտակարգ դեպքերը

Մարտի արտակարգ դեպքերը

2376
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի մարտին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտ ամսին իրականացրել են 1897 ելք՝ 136-ով ավելի քան 2021-ի մարտին: 732 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 596՝ կենցաղային կանչ, 486՝ այլ դեպքեր, 83՝ կեղծ ահազանգ: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 159, տուժել 2 875 մարդ: Փրկարարները 14 մարդու կյանք են փրկել: 2021 թվականի մարտի համեմատությամբ, զոհերի թվաքանակը նվազել է 217-ով, տուժածներինը՝ 19 143-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2022 թվականի մարտին էլ, արտակարգ դեպքերի զգալի մասը` 76,6 տոկոս կամ 783 դեպք, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 455 ահազանգ (2021 թվականի մարտին՝ 446 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 339 դեպքում (2021 թվականի մարտին՝ 322 դեպք): Հրդեհների հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 2 մարդ: 60 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ՝ այնքան որքան 2021 թվականի մարտին: 46 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը և ծխապատ գոտին, իսկ 10 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Հրդեհների 61,7 տոկոսը՝ 209 դեպք, գրանցվել է քաղաքներում, 38,3 տոկոսը կամ 130 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա մարտի համեմատությամբ, գյուղական հրդեհների քանակը մնացել է անփոփոխ, իսկ քաղաքային հրդեհների քանակն աճել է 17-ով: Երեւանում գրանցվել է 119 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 79 հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 9: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Արարատի քաղաքները՝ 22 եւ գյուղերը՝ 57, ամենաքիչը՝ Վայոց ձորի քաղաքները՝ 2 եւ Շիրակի գյուղերը՝ 5 հրդեհ:

2022 թվականի մարտին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 113 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել. աղբ՝ 66, առանձնատուն՝ 35, տրանսպորտային միջոց՝ 30, տնակ-ավտոտնակ՝ 21, բնակելի շենք՝ 16 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2022 թվականի մարտին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 289 կանչ են ստացել՝ 87-ով պակաս, քան 2021-ի մարտին: ՃՏՊ-ներից զոհվել է 17, տուժել՝ 420 մարդ: 2021 թվականի մարտի համեմատ, զոհվածների թվաքանակն նվազել է 18-ով, իսկ տուժածներինը՝ 149-ով:

Երեւանում ստացվել է ՃՏՊ-ի վերաբերյալ 122 կանչ: Մարզերից ամենաշատ նման կանչ ստացվել է Կոտայքում՝ 29, ամենաքիչը Վայոց ձորում՝ 4:

Թունավորում

2022 թվականի մարտին փրկարարները թունավորումների վերաբերյալ 155 կանչ են ստացել՝ 31-ով քիչ քան 2021-ի մարտին: Թունավորումներից զոհվել է 2, տուժել՝ 207 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, զոհերի քանակը մնացել է անփոփոխ, իսկ տուժածների թվաքանակը նվազել 59-ով:

Թունավորումների առավելագույն քանակը գրանցվել է մայրաքաղաքում՝ 72 դեպք: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 18 դեպք, ամենաքիչը Սյունիքը՝ 3 թունավորում: 2022 թվականի մարտին Վայոց ձորում թունավորում չի եղել:

Թունավորումների հիմնական պատճառներն են՝ քիմիական նյութեր՝ 43, ալկոհոլ՝ 33, շմոլ գազ՝ 30 դեպք, դեղորայք՝ 27, սննդամթերք՝ 12 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված կորոնավիրուսի համաճարակից, 2022 թվականի մարտին զոհվել է 138, տուժել՝ 2246 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է 101 փլուզում (որից 94-ը՝ առատ ձյան պատճառով), 39՝ բուք եւ ձնաբուք, 21 առատ ձյուն, 9 ուժեղ քամի, 7 քարաթափում, 2 պայթյուն, վայրի կենդանիների 1 հարձակում եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար