Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի հայտնաբերման 33 կանչ․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի հայտնաբերման 33 կանչ․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2167
Տարածել

Ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 1007 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զանգերի թիվն ավելացել է երեքով:

Զենք-զինամթերքի հայտնաբերումը շարունակում է մնալ օրվա խնդիր: Հիմնականում Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից քաղաքացիները ահազանգել են 33 անգամ։ Սակրավորները բնակավայրերից, տնամերձ հողամասերից պայթուցիկ նյութերն ու այլ զինատեսակները տեղափոխել են անվտանգ վայր: Արցախում շարունակում են աշխատել ԱԻՊԾ սակրավորները, Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության մասնագետները, The Halo trust ականազերծող կազմակերպությունը, Հումանիտար ականազերծման կենտրոնը։ Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 113 հատ հրթիռակասետային եւ ավիացիոն 1 ռումբ, 31 հատ թնդանոթի արկ, 5 պայթուցիչ, հակատանկային 1 ական, զենիթահրթիռային 1 արկ, ձեռքի 7 հատ նռնակ: Մարտակերտում գյուղատնտեսական նշանակության է վերադարձվել եւս 60 հեկտար տարածք:

Հրդեհի վերաբերյալ 7 կանչ է ստացվել. մեկը՝ բնակելի շինությունում, մյուսները չոր խոտածածկերում եւ աղբակույտերում: Տուժածներ չկան։ Գրանցվել է հրդեհի մեկ կեղծ ահազանգ։

Ապրիլի 20-ին ուժեղ քամու հետեւանքով խնդիրներ են առաջացել Ստեփանակերտում․ Գրանցվել է բնակելի տան տանիքից եւ ավտոտնակից թիթեղների պոկվելու երկու կանչ։ Փրկարարները ժամանակին կանխել են վտանգը:

Արտակարգ դեպք է գրանցվել Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում, շունը հարձակվել է բնակչի վրա: ԱԻՊԾ Լիսագորի տեղամասային փրկարարները քաղաքացուն առաջին օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել բուժհաստատություն:

Կենցաղային բնույթի կանչերը 38-ն էին, որոնցից 5-ը՝ վերելակ, 6-ը՝ դուռ բացելու վերաբերյալ։ Խմելու ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 համայնքի բնակիչների:

Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների որոնման եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանման նպատակով կատարել են 4 ելք: Ընդհանուր առմամբ՝ զինադադարից հետո հայտնաբերվել է 1551 աճյուն:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն