Գլխավոր Վերլուծություն Հունվարի արտակարգ դեպքերը

Հունվարի արտակարգ դեպքերը

2192
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի հունվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հունվարին իրականացրել են 1 870 ելք՝ 220-ով ավելի քան 2021-ի հունվարին: 618 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 641՝ կենցաղային կանչ, 103՝ կեղծ ահազանգ, 508՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 111, տուժել` 26 690 մարդ: Փրկարարները 22 մարդու կյանք են փրկել: 2022 թվականի հունվարի համեմատությամբ, զոհերի թվաքանակը նվազել է 187-ով, տուժածների թվաքանակն աճել 18 673-ով: Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 88,1 տոկոսը՝ հրդեհները, ճանապարհատրանսպորտայի պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 435 ահազանգ (2021 թվականի հունվարին՝ 451 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 276 դեպքում (2021 թվականի հունվարին՝ 298 դեպք): 6 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումները, իսկ 75 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքները, ծխապատ գոտիները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Գրանցվել է նաեւ հրդեհի 78 կեղծ ահազանգ:

Հունվար ամսին հրդեհների 72,5 տոկոսը՝ 200 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 27,5 տոկոսը՝ 76 դեպք, գյուղերում: Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 2-ով, գյուղական հրդեհներինը՝ 20-ով: Երեւանում գրանցվել է 122 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 35, ամենաքիչը Վայոց ձորը՝ մեկ հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Լոռվա քաղաքները՝ 21 հրդեհ եւ Արարատի գյուղերը՝ 16 հրդեհ: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Կոտայքի գյուղերը՝ 4 հրդեհ: Վայոց ձորի գյուղերում 2022 թվականի հունվարին հրդեհ չի գրանցվել:

Հրդեհների առավելագույն քանակը կազմել են աղբի հրդեհները՝ 23,9 տոկոս կամ 66 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. առանձնատուն՝ 51, բուսածածկ տարածք՝ 41, տրանսպորտային միջոց՝ 31, բնակելի շենք՝ 25, տնակ-ավտոտնակ՝ 13, անասնակեր՝ 4 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2022 թվականի հունվարին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 322 կանչ են ստացել՝ 33-ով քիչ քան 2021-ի հունվարին: ՃՏՊ-ներից զոհվել է 21, տուժել՝ 522 մարդ: 2021 թվականի հունվար ամսվա համեմատությամբ, զոհերի եւ տուժածների թվաքանակները նվազել են, համապատասխանաբար 16-ով եւ 41-ով: ՃՏՊ-ների մեծ մասը՝ 38,5 տոկոսը (124 դեպք) գրանցվել է Երեւանում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 33 դեպք, ամենաքիչը Վայոց ձորը՝ 12 դեպք:

Թունավորում

Փրկարարները թունավորումների վերաբերյալ 211 կանչ են ստացել: Այս թունավորումներից զոհվել է 5, տուժել՝ 291 մարդ: 2021 թվականի հունվարի համեմատ, թունավորումների դեպքերն աճել են 11-ով, զոհվածների քանակը՝ 3-ով, իսկ տուժածների թվաքանակը նվազել է՝ 60-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 55 դեպք, քիմիական նյութեր՝ 52, շմոլ գազ՝ 42, բնական գազ՝ 31, դեղորայք՝ 20 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված «Նոր կորոնավիրուսի» համաճարակից 2022 թվականի հունվարին զոհվել է 81, տուժել՝ 25 861 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի հունվարին հանրապետությունում գրանցվել է 58 մերկասառույց, 4-ական քարաթափում, պայթյուն եւ փլուզում, 3-ական ձնաբուք եւ առատ ձյուն, մեկ ուժեղ քամի եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ