Գլխավոր Վերլուծություն Մայիսի արտակարգ դեպքերը

Մայիսի արտակարգ դեպքերը

2061
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի մայիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը: ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները մայիսին իրականացրել են 1806 ելք: 437 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 713՝ կենցաղային կանչ, 101՝ կեղծ ահազանգ, 555՝ այլ դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ելքերի քանակը նվազել է 436-ով: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 39, տուժել` 719 մարդ: Փրկարարները 7 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսային համաճարակի նվազմամբ պայմանավորված, 2022-ի մայիսին, 2021-ի մայիսի համեմատ, կտրուկ նվազել են արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվածների եւ տուժածների թվաքանակները՝ համապատասխանաբար 302-ով 6364-ով:
Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքեր զգալի մասը` 84,5 տոկոս կամ 707 դեպք, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները հրդեհների առաջացման վեաբերյալ 382 ահազանգ են ստացել (2021 թվականի մայիսին՝ 579 ահազանգ), հրդեհ է գրանցվել 215 դեպքում (2021 թվականի մայիսին՝ 355): 77 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ: 85 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ/կամ ծխապատ գոտին, իսկ 5 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:
Մայիսին հրդեհների 72,6 տոկոսը՝ 156 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 27,4 տոկոսը՝ 59 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա մայիսի համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակը նվազել է 96-ով, գյուղական հրդեհներինը՝ 44-ով: Մայրաքաղաքում գրանցվել է 109 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 27 դեպք, ամենաքիչը Սյունիքը՝ 3 դեպք: Ըստ համայնքների. հրդեհներից ամենաշատը տուժել են Լոռվա քաղաքներ՝ 10 եւ Արարատի գյուղեր՝ 19: Ամենաքիչը Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի քաղաքներ՝ երկուական, Սյունիքի գյուղերը՝ մեկ հրդեհ:
Հրդեհների առավելագույն քանակի՝ 55 դեպքում, այրվել է աղբ: Բացի սրանից կրակի բաժին են դարձել.
բուսածածկ տարածքներ՝ 28, առանձնատուն եւ տրանսպորտային միջոց՝ 26-ական, բնակելի շենք՝ 19, տնակ-ավտոտնակ՝ 7, անասնակեր՝ 2 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2022 թվականի մայիսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 308 ահազանգ են ստացել՝ 72-ով քիչ քան 2021-ի մայիսին: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 22, տուժել՝ 410 մարդ: 2021 թվականի մայիսի համեմատությամբ, զոհերի թվաքանակը նվազել է 1-ով, տուժածներինը՝ 100-ով:
ՃՏՊ-ների գրեթե կեսը՝ 143 դեպք, գրանցվել է Երեւանում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 29 ՃՏՊ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ ճանապարհատրանսպորտային վեց պատահար:

Թունավորում

2022 թվականի մայիսին փրկարարները թունավորումների վերաբերյալ 184 ահազանգ են ստացել: Այս թունավորումներից զոհվել է 3, տուժել՝ 210 մարդ: 2021 թվականի մայիսի համեմատությամբ, թունավորման դեպքերի եւ տուժածների թվաքանակները նվազել են համապատասխանաբար 48-ով եւ 496-ով: Զոհերի թվաքանակը աճել է երեքով:
Թունավորումների մոտ կեսը՝ 86 դեպք գրանցվել է Երեւանում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 26 դեպք, ամենաքիչը Սյունիքը՝ 2 դեպք:
Թունավորումների հիմնական պատճառներն են. 72 դեպք՝ քիմիական նյութեր, 34 դեպք` ալկոհոլ, 28 դեպք` դեղորայք, 17 դեպք` շմոլ գազ, 9 դեպք` սննդամթերք եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված նոր կորոնավիրուսի համաճարակից, 2022 թվականի մայիսին զոհվել է 5, տուժել՝ 93 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 35 հարձակում, 14 փլուզում, 8 ուժեղ քամի, 7 կարկուտ, 3-ական դարափուլ (փլվածք, նստվածք), կայծակ, 2-ական պայթյուն, սողանք, հողասահք, 1-ական տեղատարափ անձրեւ, ցրտահարություն, ջրահեղձում, անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ