Գլխավոր Ուսուցողական նյութեր Ֆիլմեր «911» ծառայության օպերատորների մասին

Ֆիլմեր «911» ծառայության օպերատորների մասին

2356
Տարածել

Փրկարար ծառայության առաջնային ու կարեւորագույն օղակներից մեկն ահազանգման կենտրոնն է, որի աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով գրանցում են կանչերն ու կազմակերպում անհրաժեշտ օգնություն։ Հեռախոսից այն կողմ կյանքի տարբեր պատմություններով մարդիկ են, որոնք ինքնամոռաց կիսում են ուրիշի ցավն ու ուրախությունը։

Ներկայացնում ենք «911» ծառայության օպերատորների մասին ֆիլմերի մեր ընտրանին։

«Ահազանգը», 2013 թ․ ։ Ռեժիսոր՝ Բրեդ Անդերսոն

Ամերիկյան արտադրության կրիմինալ-հոգեբանական այս ֆիլմը լավագույնս ներկայացնում է «911» ծառայությունում աշխատանքի դժվարությունները։ Ջորդան Թյորները, որին մարմնավորում է Հելլի Բերին, դժբախտ պատահարից հետո չի կարողանում վերադառնալ նախկին կյանքին։ Բանն այն է, որ նրա սխալի պատճառով մարդ է սպանվել։ Սակայն երբ սերիական մարդասպանն իր հերթական զոհին է առեւանգում, կինը գործի է դնում ողջ պրոֆեսիոնալիզմը։ Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների։

«Օպերատորը», 2015 թ․ ։ Ռեժիսորներ՝ Ամարիա Օլսոն եւ Ռոբին Օլսոն

«911» ծառայության օպերատոր Պոմելայի աղջկան առեւանգում են։ Նրա նախկին ամուսինը՝ ոստիկան Ջերեմին, հանցագործի հետ վտանգավոր գործարքի մեջ է մտնում, միայն թե փրկի զավակին։ Անսպասելի զարգացումները, քաղաքի քաոսային վիճակը մինչեւ վերջին րոպեն լարված են պահում դիտողին։ Հերոսներին մարմնավորել են Լյուք Գոսը, Միշա Բարտոնը, Միշել Պարեն եւ այլք։

«Օպերատորը», 2015 թ․ ։ Ռեժիսոր՝ Քերոլայն Բարթլիթ

6 րոպեանոց դրամատիկ թրիլեր այն մասին, թե որքան ճակատագրական կարող է լինել «911» ծառայության օպերատորի աշխատանքը։ Ջեմման մայր է, որն իր երեքամյա երեխայի հետ հայտնվել է հրդեհվող տանը։ Նրա գործողությունները համակարգում է հեռախոսից այն կողմ գտնվող օպերատորը։ Հուսահատ մոր խուճապը հանդարտեցնելը մեծ ջանքեր է պահանջում։ Հանկարծ կապն ընդհատվում է։ Ֆիլմը 2016 թվականին լավագույնն է ճանաչվել BAFTA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում, ներկայացվել մի շարք այլ փառատոններում։

«Հերթափոխը», 2016 թ․ ։ Ռեժիսոր՝ Գրեյգ Մոս

«911» ծառայության օպերատորին ազատում են աշխատանքից՝ սպանության դեպքը կեղծ ահազանգից չտարբերելու համար։ Մեղքի զգացումով համակված կինը որոշում է առանձին հետաքննություն անել՝ հաջորդ մահը կանխելու համար։ Այսպիսով ինքն իրեն բացահայտում է նորովի։ Ամերիկյան կինոյի աննման դերասանուհի Ֆիոնա Գուբելմանի երկրպագուները հաստատ կգնահատեն այս շարժանկարը։

«Մեղավորը», 2018 թ․ ։ Ռեժիսոր՝ Գուստավ Մյոլլեր

Կոպենհագենի ոստիկանության սպա Ասգեր Հոլմը, որը հանգամանքների բերումով 19-ամյա երիտասարդ հանցագործի է սպանել, հերթապահում է «911» ահազանգման բաժնում։ Իր դատավարության նախորդ գիշերը նա զանգ է ստանում մի կնոջից, որը հեռախոսով պարզապես զրուցում է երեխայի հետ։ Ասգերը հասկանում է, որ ահազանգողը փորձանքի մեջ է։ Արդյո՞ք սեփական ապրումները չեն խանգարի նրան սթափ որոշում կայացնելուն։

2021 թվականին «Նեթֆլիքս» ընկերությունը ստեղծել է դանիական ֆիլմի համանուն կրկնօրինակը, որում գլխավոր հերոսին մարմնավորում է Ջեյք Ջիլենհոլը։ Արդեն երկու տարի է, ինչ Աբովյանի դրամատիկական թատրոնի խաղացանկում է ֆիլմի մոտիվներով ստեղծված «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը՝ դերասանուհի Լիանա Ավետիսյանի կատարմամբ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ՝

Ֆիլմեր հրշեջների մասին

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին. մաս 1

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 2

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 3

Գրքեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 1

Գրքեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 2