Գլխավոր Ուսուցողական նյութեր Գրքեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 1

Գրքեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 1

3392
Տարածել

Լավ գիրքը նոր ճամփորդություն է, իրականության վերարժեւորման հնարավորություն, երեւակայության ու զգացմունքների համադրում։ Արտակարգ իրավիճակների ոլորտով հետաքրքրվողների համար առանձնացրել ենք մեր ընտրանին։

Պաոլո Ջորդանո, «Համավարակ»

Covid-19-ի համավարակը ներկայիս ամենակարեւոր առողջապահական արտակարգ վիճակն է: Իտալացի ֆիզիկոս եւ գրող Պաոլո Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարեւոր, ինչպես է ազդում մեզ վրա, ինչպես պետք է արձագանքել: Ջորդանոն վիրուսի տարածումը կապում է կեղծ լուրերի, բնապահպանական ճգնաժամի, ազգայնականության ու քսենոֆոբիայի հետ, երբ մարդիկ պատկերացում չունեն նոր տեսակի գլոբալ համայնքի մասին: Իրատեսական, խիստ ու ոգեշնչող այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք, եւ ուր ենք գնալու: Գրքում ներառված են հրեա պատմաբան եւ փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի՝ կորոնավիրուսի մասին երկու հոդվածները:

Փոլ Օֆիթ, «Մահաբեր ընտրություն»

Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնք ազդվում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններից եւ սկսում են զգուշանալ իրենց երեխաներին պատվաստելուց: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք պայքարում են ամեն երեխայի կյանքի համար։ Ինչու՞ պատվաստանյութերը սկսեցին սարսափ ներշնչել, ովքե՞ր են վախեցնում ծնողներին եւ պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանո՞վ են հավաստի այն տեսանյութերը, որոնցով հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բավական վերլուծական պատասխաններ։

Ադամ Հիգգինբոտամ, «Չերնոբիլ․ աղետի պատմությունը» (ռուսերեն)

1986 թվականի ապրիլի 26-ի գիշերը պայթեց Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանի N 4 ռեակտորը։ Տասը տարի շարունակ հավաքելով հարյուրավոր հարցազրույցներ, համադրելով սեփական ակնարկները, չհրապարակված հիշողություններն ու վերջերս գաղտազերծված արխիվային փաստաթղթերը՝ լրագրող Ադամ Հիգգինբոտամը գրել է մի ազդեցիկ ստեղծագործություն, որում հենց տուժածների աչքերով տեսնում ենք չերնոբիլյան ողջ աղետը։ Գիրքն իրենից ներկայացնում է վարպետորեն շարադրված վավերագրական թրիլլեր, որն անխնա կերպով՝ տեղ-տեղ սահմռկեցուցիչ տեսարաններով ու մանրամասներով, փշրում է Չերնոբիլի վթարի մասին բոլոր առասպելները։ Գրքի «կարմիր թելը» պատմությունից քաղված դասն է․ամեն անգամ, երբ մարդը փորձում է բնությունը ենթարկել իրեն, բանն ավարտվում է աղետով։ Գիրքն իսկական գտածո է նրանց համար, որոնք հետաքրքրվում են աշխարհում ատոմային էներգիայի զարգացմամբ, Չերնոբոլիլի ատոմակայանի վթարով եւ դրա ոչնչացման պատմությամբ։

Կուրթ Վոնեգութ, «Կատվի ճոճք»

Կուրթ Վոնեգութի «Կատվի ճոճք» (1963 թ.) վեպը հեղինակի ամբողջ ստեղծագործության կենտրոնական թեմայի՝ համաշխարհային էկոլոգիական խնդիրների, գիտնականների սեփական հայտնագործությունների հանդեպ պատասխանատվության գիտակցության թերեւս լավագույն արտացոլումն է: Վեպի սյուժեն ծավալվում է հայտնի գիտնականի վտանգավոր հայտնագործության շուրջ։

Ալբեր Կամյու, «Ժանտախտը»

Ալբեր Կամյուի «Ժանտախտը» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1947 թվականին: Պայքարը, որ վեպում բնակչությունը տանում է ժանտախտի դեմ, իրականում խորհրդանշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եվրոպացիների դիմադրությունը ֆաշիզմին եւ նացիզմին:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Բոլորն գրքերն առկա են Երեւանի գրախանութներում