Գլխավոր Ուսուցողական նյութեր Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 3

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 3

3127
Տարածել

Բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկը մի առիթով ասել է․ «Լավ ֆիլմն առնվազն մեկ ընթրիքի, թատրոնի տոմսի եւ դայակ վարձելու գումարի չափ պիտի արժենա»։ Առաջարկում ենք վայելել արտակարգ իրավիճակների մասին ֆիլմերի մեր ընտրանին։

«Սահմանից այն կողմ», 2003 թ։ Ռեժիսոր՝ Մարտին Քեմբվել

 

Հուզիչ սիրո պատմություն, որը ծնվում է անհոգ կյանք վարող կնոջ եւ հակամարտության գոտում հայտնված աֆրիկացիներին բուժող բժշկի միջեւ։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կամբոջայում եւ Չեչնիայում։ Աստիճանաբար բացվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռազմական գործողությունների ժամանակ բուժօգնության անհնարինությունն ու սանիտարահիգիենիկ վատ պայմանները, զինյալների կողմից մարդասիրական ուղեբեռների թալանը, սննդի ու ջրի սակավությունը եւ այլն։

Հետաքրքրական է, որ գլխավոր հերուսուհուն մարմնավորած Անջելինան Ջոլին այս կերպարի համար արժանացել է «Կնոջ վատագույն դեր» անվանակարգին «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության ժամանակ։ Հանուն արդարության նշենք, որ Քլայվ Օուենի հետ նրա զուգախաղը շատ համոզիչ է։

«Արյուն», 2013 թ ։ Ռեժիսոր՝ Ալինա Ռուդնիցկայա

 

Դոնոր դառնալու ձգտումը շատ մարդկանց է բերում արյան կայան։ Նրանց մեջ կան թե՛ երիտասարդներ, թե՛տարեցներ։ Արյուն հանձնելու հիմնական պատճառը, սակայն, մեկի կյանքը փրկելը չէ, այլ գումար վաստակելը։ Կես լիտր արյան դիմաց նրանք վաստակում են մոտ 850 ռուբլի՝ օրվա հացի գումար։

Խոշոր պլանով կադրերի ու անկեղծ հարցազրույցների միջոցով հերոսներն ավելի սիրելի են դառնում, խնդիրներն՝ ավելի խորքային։ Ինչի՞ կարող են հանգեցնել աղքատությունն ու բռնությունը, ինչպե՞ս են միայնակ մայրերը երեխա դաստիարակում, ի՞նչ պայմաններում են ապրում թոշակառուները, ի՞նչ արտակարգ դեպքեր են գրանցվում արյան կայանում եւ այլն։ Ընդհանուր առմամբ՝ այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է ռուսաստանաբնակ մարդու հավաքական կերպարը, նրա կյանքի պայքարը։

«Կուրսկ», 2018 թ։ Ռեժիսոր՝ Թոմաս Վինթերբերգ

 

Ֆիլմի սյուժեի հիմքում Ռոբերտ Մուրի «Մեռնելու ժամանակն է» գիրքն է՝ նվիրված «Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմին։ Տորպեդոյի դետոնացիայի պատճառով սուզանավում առաջանում է պայթյուն, ինչը հանգեցնում է է հրդեհի։ Այդ ամենին հաջորդում է երկրորդ պայթյունը, երբ սուզանավը հարվածում է հատակին։ 118 հոգին աստիճանաբար մահանում են, թեպետ, ըստ վարկածների, հնարավոր էր նրանց փրկելը, եթե ժամանակին օգնության հասնեին նորվեգական եւ բրիտանական նավերը։

Ֆիլմը պատկերավոր ներկայացնում է՝ ինչ է նշանակում գոյատեւել սահմանափակ թթվածնով միջավայրում, ինչ մասշտաբի կարող է հասնել հրդեհը, ինչպիսի խուճապային իրավիճակում կարող են հայտնվել տուժածների հարազատները։

Անկրկնելի դերասանական խաղը երաշխավորված է՝ Մաթիաս Սխունարթս, Քոլին Ֆերթ, Լեա Սեյդու, Թոմաս Վինթերբերգ եւ ուրիշներ։

«Զուգահեռ Տոկիո», 2019 թ Արտադրող՝ Ճապոնական NHK հեռուստաընկերություն

 

Չորս մասից բաղկացած այս սերիալի գործողությունները զարգանում են ճապոնական հեռուստաընկերությունում՝ ավերիչ երկրաշարժից հետո: Լուրերի ողջ անձնակազմը գիտակցում է, որ անկախ ամեն ինչից՝ պիտի սովորականի նման հուսալի, հավաստի եւ օպերատիվ տեղեկություններ հաղորդի։ Բայց նաեւ ակնհայտ է, որ ոչ ոք հանգիստ աշխատանքային վիճակում չէ, քանի որ հարազատներից նորություն չունեն։

Լրատվական բաժինը հավաքում է վնասի մասին հսկայական տեղեկություն, միաժամանակ համացանցով տարածվում է նույն քանակի ապատեղեկատվություն, ինչը դժվարացնում է նրանց աշխատանքը: Պատասխանատու պահ է, եւ լրագրողները, «թքած ունենալով» երկրաշարժի վրա, շարունակում են իրենց գործը։

«Չերնոբիլ», 2020 թ։ Ռեժիսոր՝ Դանիլա Կոզլովսկի

Պատմության ամենաաղետալի վթարներից մեկի թեման հետաքրքրում է ոչ միայն ասիացի ռեժիսորներին։ Էնթոնի Փեյջի «Չերնոբիլ․ վերջին զգուշացում» (1991 թ․), Մարիան Դելեոյի «Չերնոբիլի սիրտը» (2003 թ․), Միխալ Բոգանիմի «Մոռացված երկիր» (2011 թ․ ), Բրեդլի Պարկերի «Արգելված գոտի» (2012 թ), Պոլ Կրուխտենի «Չերնոբիլի ձայները» (2016 թ․) եւ արտերկյա ռեժիսորների տասնյակ այլ ֆիլմերն իհարկե արժանի են ուշադրության։ Սակայն ուկրաինական կոլորիտով եւ զգայական անկեղծությամբ միանշանակ առանձնանում է Կոզլովսկու ֆիլմը, որում կան պատմական ակնարկ, սեր ու սպասում։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1986 թվականին՝ Չերնոբիլի ատոմակայանի պայթյունից երկու շաբաթ անց։ Բռնկվում է անկառավարելի հրդեհ, որը նոր պայթյունի վտանգ է ստեղծում։ Կրակն այնքան ուժեղ է, որ կարողանում է հալեցնել բետոնե հիմքերը եւ սպառնում հասնել ռեզերվուարին, որում պահվում է տոննաներով ռադիոակտիվ ջուր։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին. մաս 1

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին մաս 2

Գրքեր արտակարգ իրավիճակների մասին մաս 1

Գրքեր արտակարգ իրավիճակների մասին մաս 2