Գլխավոր Ուսուցողական նյութեր Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 2

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 2

2659
Տարածել

Վերջին տարիներին կինեմատոգրաֆիկ տեխնոլոգիան այնպիսի առաջընթաց է ապրել, որ հատուկ էֆեկտները հստակ պատկերացում են տալիս ցանկացած երեւույթի մասին՝ հրաբխի ժայթքումից մինչեւ գիսաստղերի բախում։ Այս ընտրանին դիտողին ադրենալինի մեծ չափաբաժին կտա։

«Պիկ Դանտե», 1997 թ․։ Ռեժիսոր՝ Ռոջեր Դոնալդսոն

Դերասան Պիրս Բրոսնանի երկրպագուներին դուր կգա հրաբխագետի մասին այս պատմությունը։ Ամերիկայի միացյալ նահանգների ծովափնյա փոքրիկ քաղաքում Հարրի Դալտոնը նկատում է արթնացող հրաբխի նախանշաններ եւ փորձում քաղաքային իշխանությանը համոզել տարհանել բնակիչներին։

Ֆիլմում տեսնում ենք երկրաշարժի, հրաբխի ժայթքման, քարաթափման, սողանքի, մոխրի անձրեւի հետեւանքներ։ Ամերիկյան կոլորիտով, սուր սյուժեով եւ անսպասելի վերջաբանով այս ֆիլմը 90-ականների լավագույններից է։

«Համավարակ», 2011 թ․։ Ռեժիսոր՝ Սթիվեն Սոդենբերգ

ԱՄՆ առողջապահական համակարգը փորձում է կանխարգելել անհայտ ծագում ունեցող վիրուսի տարածումը։ Բեթ Էմհոֆը վերադառնում է Հոնկոնգում կայացած գործնական հանդիպումից եւ շուտով մահանում։ Մահերը դառնում են շղթայական, հիվանդանոցային բուժումն՝ անհնար։ Վերջապես ստեղծվում է պատվաստանյութ, որը սակայն քիչ քանակով է, միայն «ընտրյալների» համար է։

Ֆիլմը կրկին արդիական դարձավ 2020 թվականին՝ նոր կորոնավիրուսի վարակի ի հայտ գալուց հետո։ Շատ անդրադարձներ եղան, որ 10 տարի առաջ ստեղծված այս գլուխգործոցը, որի ռեժիսորը խորհրդակցել է բազմաթիվ գիտական փորձագետների հետ, գրեթե արտացոլում է COVID 19-ի իրական պատկերը՝ վարակի՝ չղջիկից մարդուն փոխանցման հավանականությունը, օդակաթիլային ճանապարհով տարածումը, մահացության բարձր ցուցանիշը եւ այլն։ Բացի դրանից՝ դիտողին ներկայանում է մի ամբողջ աստղաբույլ՝ Մեթ Դեյմոն, Ջուդ Լոու, Գվինետ Փելթրոու, Քեյթ Ուինսլեթ եւ ուրիշներ։

«Ալիք», 2015 թ․։ Ռեժիսոր՝ Ռոար Ուտհաուգ

Ֆիլմն ընտանեկան դրամա է։ Երկրաբան Քրիստիանը, որը երկար տարիներ աշխատել է նորվեգական ափամերձ քաղաքի սեյսմիկ կայանում, նոր պաշտոն է ստանում խոշոր ընկերությունում եւ պատրաստվում մեկնել։ Սակայն շրջակա լեռներին քաջածանոթ մասնագետի աչքից չի վրիպում վերջին օրերին ռելիեֆի կտրուկ փոփոխությունը։ Ցունամիի հետեւանքով առաջանում է ջրհեղեղ, որը սպառնում է նաեւ նրա ընտանիքին։ Ֆիլմի կարեւոր ուղերձներից են շենքերում հակահրդեհային ապաստարան ունենալն ու խուճապի չմատնվելը։

Հոլիվուդի կողքին սկանդինավյան խաղարկային ֆիլմերը նոր շունչ են, առաջին հերթին՝ չքնաղ բնապատկերների եւ տաղանդավոր դերասանների բացահայտման տեսանկյունից։

«9-րդ հանքահոր», 2019 թ․։ Ռեժիսոր՝ Էդդի Մենսոր

Փոքրիկ քաղաքում ապրող տղամարդկանց ապրուստի հիմնական միջոցը հանքում աշխատելն է։ Նրանք լավ գիտեն իրենց կյանքին սպառնացող վտանգները եւ ամեն հերթափոխից առաջ քննարկում են, թե ինչպես փրկվել, եթե օդամղիչ տուրբոպոմպը փչանա։ Հերթական անգամ մեթանի պաշար որոնելիս նրանք նկատում են, որ ստորերկյա ջրերի մակարդակը բարձրացել է, եւ հանքահորը լցվում է գազով։ Տարհանվել չի հաջողվում, քանի որ փլուզման հետեւանքով հանքահորի մուտքը փակվել է: Թթվածինը կարող է բավականացնել միայն մեկ ժամ։

«Ի՞նչ արժե կյանքը», 2020 թ․։ Ռեժիսոր՝ Սառա Կոլանջելո

Ֆիլմն ինքնակենսագրական ակնարկ է։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խոշոր ահաբեկչական ակտից հետո զոհվածների հարազատները կառավարությունից նյութական վնասի փոխհատուցում են ակնկալում։ Փաստաբաններ Քեննետն ու Չարլզը, որոնք փոխհատուցման ֆոնդի աշխատակիցներ են, հանդիպում են տուժած ընտանիքներին, ամեն ինչ անում, որ գումարը նրանց հասնի։ Սակայն աստիճանաբար համոզվում են, որ ոմանց համար մարդկային կյանքն ընդամենը թղթի վրա խզբզած չնչին գումար է։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Կարդացեք նաեւ

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին․ մաս 1