Գլխավոր Ուսուցողական նյութեր Ֆիլմեր հրշեջների մասին

Ֆիլմեր հրշեջների մասին

2198
Տարածել

Թերեւս ճիշտ կլինի պնդումը, որ աշխարհում չկա մի մասնագիտություն, որի մասին ֆիլմ նկարահանված չլինի՝ փաստաբան, մանկավարժ, վարորդ, ոստիկան, մարզիկ եւ այլն: Բնականաբար նաեւ՝ հրշեջ: Մասնագիտություն, երբ սովորական մարդը սեփական կյանքով ռիսկի դիմելով ուրիշների համար անվտանգ կյանք է ապահովում: Ստորեւ հրշեջների մասին որոշ ֆիլմեր:

«ԱԻՆ 911» , 2014 թ․։ Ռեժիսոր՝ Ելենա Արշակյան

16 սերիայից բաղկացած այս հեռուստանովելը միանգամից սիրվեց։ Այն պատմում է արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների կյանքի ու փրկարարական աշխատանքների մասին։ Հատուկ ջոկատի անդամներին մարմնավորել են Անի Երանյանը, Սուրեն Թումասյանը, Սուրեն Փահլեւանյանը, Անդրանիկ Ղազարյանը եւ Համլետ Համբարձումյանը։ Ֆիլմը հաջողված է նրանով, որ դերասանները նախապես անցել են մասնագիտական պատրաստություն, նույնիսկ մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքների եւ գործում են պրոֆեսիոնալի պես։ Ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են ԱԻՆ վարչական շենքի տարբեր հատվածներում:

Սյուժեն ու կերպարները հորինված չեն․ հերոսների նախատիպերն իսկական փրկարար ծառայողներ են։

«Հակադարձ մղում», 1991 թ․։ Ռեժիսոր՝ Ռոն Հովարդ

Սթիվենի եւ Բրայանի հրշեջ հայրը զոհվում է գազատարի պայթյունի հետեւանքով։ Այս իրադարձությունը գլխիվայր շրջում է տղաների կյանքը։ Նրանք որոշում են հոր հետքերով գնալ ու կյանքեր փրկել․ Սթիվենը՝ ինքնակամ, իսկ Բրայանը՝ միայն շրջապատին ապացուցելու, որ արժանիքներ ունի, թեպետ այլ մասնագիտության մասին էր երազում։

Օրերից մի օր եղբայրները հայտնվում են նույն բրիգադում, ավագ եղբայր Սթիվենը, կրտսերի՝ Բրայանի հրամանատարն է: Նրանց հարաբերությունները լարված են, բայց եղբայրները միասին պայքարում կրակի, վտանգավոր տարերքի դեմ։

Գլխավոր հերոսներին մարմնավորել են Ուիլիամ Բոլդուինը, Կուրտ Ռասելը, Ռոբերտ դե Նիրոն, Սքոթ Գլենն ու ուրիշներ։ Ֆիլմն արժանացել է երեք Օսկարի՝ «Լավագույն ձայն», «Ձայնային էֆեկտների լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն տեսողական էֆեկտներ» անվանակարգերում։

«Ջոկատ N 49», 2004 թ․: Ռեժիսոր՝ Ջեյ Ռասսել

Ջեք Մորիսոնն աշխատում է բալթիմորյան հրշեջների խմբում եւ հերթական կանչն է կատարում։ Շենքում պայթյունի հետեւանքով հրշեջը ընկնում է մեծ բարձրությունից, ոտքի կոտրվածք ստանում եւ հայտնվում կրակի լեզվակների թիրախում։ Նրա փրկության միակ հույսը ծառայակից ընկերներն են։

Սիրո, հավատարմության, անձնուրացության մասին գեղեցիկ շարժանկար՝ Հոակին Ֆենիքսի, Ջոն Թրավոլտայի, Ռոբերտ Պատրիկի, Ջասինդա Բարետի եւ մյուսների մասնակցությամբ։

«Խիզախների գործը», 2017 թ․։ Ռեժիսոր՝ Ջոզեֆ Կոսինկի

Բրենդոն Մակդոնաֆը երիտասարդ է, որը վերջերս է հայր դարձել։ Ցանկանալով իր դստեր համար բարեկեցիկ կյանք ապահովել՝ նա որոշում է աշխատանքի անցնել քաղաքային հրշեջ ջոկատում։ Նորեկների հետ նա ամեն օր տարբեր դժվարության ու ծանրության պարապմունքներ է անցնում, որպեսզի պատրաստ լինի կրակի դեմ պայքարելու։ Շուտով լայնամասշտաբ անտառային հրդեհներ են բռնկվում, եւ հրդեհաշիջմանը ներգրավվում է նաեւ Բրենդոնի ջոկատը։ Արդյո՞ք բոլորն են պատրաստ իրենց կյանքը հանուն ուրիշի զոհաբերելու։

«Խիզախները», 2019 թ։ Ռեժիսոր՝ Թոնի Չան

Չինաստանի նավթի գործարաններից մեկում առաջացած պայթյունից կրակը տարածվում է նավահանգստում։ Կանխատեսվում է լուրջ բնապահպանական աղետ։ Բացի դրանից՝ գործարանի տարածքում կան քիմիական նյութերի ռեզերվուարներ, եւ հրշեջներն առաջադրանք են ստանում ամեն գնով կանխարգելել դրանց այրումը։ Ամենածանր վիճակում հենց ջոկատի հրամանատարն է, որը պատասխանատվություն է զգում իր ծառայողների հանդեպ։

«Կրակ», 2020 թ․։ Ռեժիսոր՝ Ալեքսեյ Նուժնիյ

Սուր սյուժեով այս ֆիլմում նկարագրվում է Կարելիայի անտառային հրդեհը, որի հրդեհաշիջմանը մասնակցում են վեց հրշեջ-դեսանտ՝ հրահանգիչ Սոլոկովի հրամանատարությամբ։ Նրանք ուղղաթիռով ուղեւորվում են դեպի Օլխովկա գյուղ։ Կյանքի մասին նրանց ընկալումը շատ տարբեր է, բայց մի բան, այդուհանդերձ, միավորում է՝ փրկելու ձգտումը։ Օպերատորական հետաքրքրիր լուծումների շնորհիվ մենք պատկերացում ենք կազմում հրշեջների առօրյայի, դժվարին իրավիճակում նրանց ապրումների մասին։ Հիանալի դերասանական խաղը, հատուկ էֆեկտները եւ անընդհատ լարվածության մեջ պահող երաժշտությունը դիտողին ադրենալինի մեծ չափաբաժին կտան։

«Հրդեհների կինոքրոնիկոն», ԱՄՆ Սթիլման համայնքի հակահրդեհային պաշտպանության բաժնի արխիվ

Արտակարգ իրավիճակների մասին վավերագրական ֆիլմերն իսկական գտածո են։ Սթիլմանի հրդեհների պատմական հավաքածուն եզակի անդրադարձ է հրշեջների ուսուցմանը եւ անվտանգության հարցերում բնակչության կրթության խնդիրներին։

Այն ներկայացնում է 1920-1950 թվականներին տեղի ունեցած խոշոր հրդեհներն ու հրշեջների կատարած աշխատանքը։ Ֆիլմերը՝ ստորեւ․

· Հրդեհ հրետանու զորանոցում

· Հրդեհ Albany St. Boston-ի պահեստում եւ սղոցարանում

· Հրդեհ դաշնամուրի արտադրման ֆաբրիկայում

· Չելսին ծածկել է այրվող անվադողերի ծուխը

· Հրդեհ թղթե սպասքի պահեստում

· Խոտի հրդեհ եւ այլն։

Ֆիլմերը կարելի է գտնել տարբեր հարթակներում՝ Stillman Fires Collection վերտառությամբ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Գրքեր արտակարգ իրավիճակների մասին. մաս 1

Գրքեր արտակարգ իրավիճակների մասին. մաս 2

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին. մաս 1

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին. մաս 2

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին. մաս 3