Գլխավոր Ուսուցողական նյութեր Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին. մաս 1

Ֆիլմեր արտակարգ իրավիճակների մասին. մաս 1

3426
Տարածել

Արագ փոփոխվող այս աշխարհում աղետներն ու դրանց հետեւում գտնվող մարդկային ճակատագրերը անտարբեր չեն թողնում հատկապես կինոաշխարհի ներկայացուցիչներին։ Հարյուրավոր ֆիլմեր կան բնական վտանգավոր երեւույթների, անհայտ ծագում ունեցող վարակների, անտառային հրդեհների եւ այլ արտակարգ իրավիճակների մասին։

Այս համատեքստում հայկական ֆիլմարտադրությունն աղքատիկ է, թեպետ Հայաստանում գոնե վերջին տասնամյակում բավական խոշոր պատահարներ են գրանցվել՝ 2011 թ․ «Այրում» երկաթուղային կայարանի տարածքում գրանցված սողանքը, 2017 թ․ Խոսրովի արգելոցում ու 2019 թ․ բենզինով բեռնված գնացքում բռնկված հրդեհները, եւ այլն։

Հայ կինոռեժիսորները հիմնականում երեք թեմա են շոշափում՝ Սպիտակի երկրաշարժ, Հայոց ցեղասպանություն եւ արցախյան պատերազմ, եթե վերջին երկուսը դիտարկենք որպես մարդկային աղետ։

Մի քանի մասով կներկայացնենք արտակարգ իրավիճակների թեմաներով ֆիլմեր, որոնք առանձնացել են իրենց ստեղծագործական մոտեցմամբ։

«Աղետ», 1993 թ։ Ռեժիսոր՝ Դմիտրի Կեսայանց

 

«Աղետ» ֆիլմը մտահղացված էր որպես կալանավայրի բարքերի մասին պատմող «Անիծվածները» ֆիլմի շարունակություն: Ֆիլմը Սպիտակի երկրաշարժի մասին է, հերոսները՝ յոթ կալանավոր, որոնք փախչում են գաղութից` երկրաշարժի հետեւանքով քարուքանդ եղած քաղաքում հարազատներին որոնելու։ Մտավախություն կար, որ կալանավորները չեն վերադառնա, եւ դա միանգամայն իրատեսական զգուշավորություն էր, քանի որ նրանց մեջ նաեւ կրկնահանցագործներ կային: Եվ նրանք աղետի վայրում շարունակում են գողանալ, կողոպտել, սպանել… Սակայն արվեստագետը հարազատ է մնում իր սկզբունքին եւ կարողանում է ցույց տալ, որ նույնիսկ այդ վերջացած հանցագործների մեջ ինչ-որ մարդկային ու լուսավոր բան, այնուամենայնիվ, պահպանվում է: Ֆիլմի հղումը՝ այստեղ

«Հավերժական լույս» եւ «Ցնցված հող», 1999 թ․։ Ռեժիսորներ՝ Սերժ Ավեդիքյան, Լեւոն Մինասյան

Այս վավերագրական ֆիլմաշարը ներկայացնում է Գյումրիի կյանքը երկրաշարժից անմիջապես հետո եւ տասը տարի անց։ Համր պատկերների եւ երաժշտության դրամատիկ համադրությունը բացահայտում է երկրաշարժի ողջ ողբերգությունը՝ երեխա կորցրած մայրեր, սառնամանիքին դիմակայող անօթեւաններ, չսպիացող հիշողություն։

Ֆիլմերը մասնակցել են ավելի քան 50 կինոփառատոնի, արժանացել բազմաթիվ մրցանակների։

«Իմ նոր տարին», 2018 թ․։ Ռեժիսոր՝ Արուսյակ Սիմոնյան

Ֆիլմը խիստ անձնական պատմություն է մարդկանց մասին, որոնք ցավից այն կողմ դեռ ունակ են երջանկություն զգալ, որոնք ապրելու եւ ապրեցնելու ցանկություն ունեն։

Կնոջը կորցրած ամուսինը 300 եղբայրական գերեզման է բացում։ Ամեն գերեզմանում նա տեսնում է ծանոթ դեմքեր։ Հոր դրամատիկ կերպարը լավագույնս մարմնավորել է Խորեն Լեւոնյանը։

Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր փառատոններում։ Հղումը՝ այստեղ

«Բնություն», 2019 թ։ Ռեժիսոր՝ Արտավազդ Փելեշյան

25 տարվա ստեղծագործական դադարից հետո 84-ամյա ռեժիսորն աշխարհին զարմացրեց իր նոր աշխատանքով։ Մարդը տարրալուծվում է, դառնում բնության մի փոքրիկ մաս։ Եվ հենց բնությունն է դառնում նրա կործանիչը։ Ֆիլմում ներկայացվում են հրաբխի ժայթքման, ջրհեղեղի, փոթորկի եւ այլ բնական աղետների պատկերներ։

Փելեշյանի ձեռագիրը եզակի է․ էկրանավորումն ամբողջովին սեւ-սպիտակ է, առանց երկխոսությունների, ինչը փշրում է մարդկային էգոն, իբրեւ հնարավոր է կառավարել բնությունը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Հրապարակման մեջ չեն ընդգրկվել Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ», Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» եւ այլ ֆիլմեր, որոնք կարող եք գտնել համացանցային տարբեր հարթակներում: