Գլխավոր Վերլուծություն Դեկտեմբերի արտակարգ դեպքերը

Դեկտեմբերի արտակարգ դեպքերը

1915
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները դեկտեմբերին իրականացրել են 1 655 ելք (2020 թվականի դեկտեմբերին՝ 1 509): 676 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 606՝ կենցաղային կանչ, 112՝ կեղծ ահազանգ, 261՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 408, տուժել` 6 409 մարդ: Փրկարարները 19 մարդու կյանք են փրկել: 2020 թվականի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է եւ՛ զոհերի եւ՛ տուժածների թվաքանակների նվազում՝ համապատասխանաբար 286-ով եւ 17653-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 92 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 481 ահազանգ (2020 թվականի դեկտեմբերին՝ 394 ահազանգ), հրդեհ է գրանցվել 334 դեպքում (2020 թվականին դեկտեմբերին՝ 236 դեպք): 79 դեպքում ահազանգը կեղծ է եղել: 63 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը կամ ծխապատ գոտին, իսկ 5 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Դեկտեմբերին հրդեհների 76 տոկոսը՝ 254 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 24 տոկոսը՝ 80 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ քաղաքային հրդեհների քանակն աճել է 72-ով, գյուղական հրդեհներինը՝ 26-ով: Մայրաքաղաքում գրանցվել է 150 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 39, ամենաքիչը Վայոց ձորն ու Արագածոտնը՝ 6-ական: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Լոռվա եւ Սյունիքի քաղաքները՝ 28-ական եւ Արմավիրի գյուղերը՝ 13 հրդեհ: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ 3 եւ նույն մարզի գյուղերը՝ դարձյալ 3 հրդեհ:

Հրդեհների 25,4 տոկոսի կամ 85 դեպքում, այրվել է աղբ: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. առանձնատուն՝ 51, բուսածածկ տարածք՝ 47, տրանսպորտային միջոց՝ 43, բնակելի շենք՝ 30, տնակ-ավտոտնակ՝ 22 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի դեկտեմբերին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 398 ահազանգ են ստացել՝ 58-ով պակաս քան 2020-ի դեկտեմբերին: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 34, տուժել 465 մարդ: 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, զոհերի թվաքանակը նվազել է 17-ով, տուժածներինը՝ 96-ով: Ամենաշատ ՃՏՊ գրանցվել է Երեւանում՝ 164, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 14 դեպք:

Թունավորում

2020 թվականի դեկտեմբերին փրկարարները թունավորումների վերաբերյալ 167 զանգ են ստացել: Այս թունավորումներից զոհվել է 4, տուժել՝ 238 մարդ: 2020 թվականի դեկտեմբերի համեմատությամբ թունավորումների վերաբերյալ կանչերի քանակը նվազել է 33-ով, տուժածներին քանակը՝ 20-ով: Զոհվածների թվաքանակը մնացել է անփոփոխ: Թունավորումների պատճառներն են 51 դեպք՝ քիմիական նյութեր, 41 դեպք՝ ալկոհոլ, 39 դեպք՝ շմոլ գազ, 24 դեպք՝ դեղորայք, 8 դեպք սննդամթերք եւ այլն:

Երեւանում գրանցվել է 93 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել են Կոտայքը եւ Շիրակը՝ 16-ական, ամենաքիչը՝ Լոռին՝ 3: Սյունիքում եւ Վայոց ձորում 2021 թվականի դեկտեմբերին թունավորում չի եղել:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված Նոր կորոնավիրուսի համաճարակից, 2021 թվականի դեկտեմբերին զոհվել է 365, տուժել՝ 5595 մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 5-ական մերկասառույց եւ պայթյուն, 4-ական ուժեղ քամի, փլուզում եւ քարաթափում, 1 դարափուլ (փլվածք, նստվածք), վայրի կենդանիների 2 հարձակում, 1-ական ջրահեղձում եւ անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր