Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԿԱՊԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ԿԱՊԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

846
Տարածել

Մեկ օր Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատում

Օրերս Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատում էինք, որը գտնվում է մայրաքաղաքից մոտ 320 կմ հեռու տեղակայված Սյունիքի մարզային փրկարարական վարչության մասնաշենքում: Ջոկատը 2003-ից տեաղափոխվել է մասնաշենք, որը տարիներ առաջ մասնակի նորոգվել է, այստեղ է տեղակայված նաև մարզային ՃԿԿ-ն: Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը սպասարկում է Սյունիքի մարզի ամենաշատ բնակչություն ունեցող տարածքը՝ Կապան քաղաքը և տարածաշրջանի 32 գյուղական համայնքները, որտեղ բնակիչների թիվը հասնում է մոտ 50 հազարի: Սպասարկվող տարածքներից ամենահեռու բնակավայրը մի քանի ընտանիք ունեցեղ Շիշկերտն է, որը 40 կմ է հեռու մարզկենտրոնից: Մեղրու լեռնաշղթայի լանջին փռված և Բակունցի նկարագրած Մթնաձորի անտառից մի քանի կմ հեռու այս գյուղում, փրկարարների օգնությանը դիմում են հիմնականում լուրջ խնդիրների ժամանակ՝ քարաթափումներ, ճանապարհի անանցանելիություն կամ հրդեհներ, մնացած դեպքերում փորձում են իրենց ուժերով լուծել կենցաղային բնույթի մանր-մունր հարցերը: Առաջիկայում նախատեսվում է մոտակա Շիկահող գյուղի տարածքում նոր հենակետ հիմնել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի արագ արձագանքել սահմանամերձ այդ հեռավոր գյուղերից ստացվող ահազանգերին՝ նախքան 1,5-2 ժամ հետո Կապանից դեպքի վայր կժամանի հրշեջ-փրկարարների խումբը: Ընդհանուր առմամբ, 49 հոգուց բաղկացած Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատն արձագանքում է 33 համայնքից ստացվող բոլոր ահազանգերին անխտիր՝ դա լինի փակ դռան կանչ, ճանապարհատրանսպորտային պատահար, քաղաքացուն օգնության հասնելու ահազանգ, հրդեհ, քարաթափում և այլն: Ջոկատ նոր էինք այցելել, երբ րոպեներ անց երկու ահազանգ ստացվեց. հրշեջ-փրկարարները դուրս եկան երկու ուղղություններով՝ Հալիձոր թաղամաս՝ նկատված օձի հետքերով և Սյունիք, գյուղական համայնքի տարածք՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու: «Եթե մարդիկ մեր օգնությանն են դիմում, ապա պետք է անպայման արձագանքենք, կարևոր չէ, դա չնչին հարց է, թե լուրջ խնդիր»,- ասում է Կապանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Ասատրյանը և ուղեկցում դեպի ավտոտնակներ, որտեղ գտնվում են ջոկատի տեխնիկան և գույք-սարքավորումները: Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը 4 հրշեջ մեքենա ունի, երկուսը 1980-ականներից մնացած ժառանգություն է, մյուս երկուսը նոր է՝ փրկարարական մեքենան՝ «Մերսեդես 911-ը», հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, հիդրավլիկ համակարգով, պարաններով, պատգարակներով, և ամենագնաց «Ռենոն», որը հատկապես շատ է օգնում լեռնային պայմաններում գտնվող համայնքներից ստացված հրդեհների կանչերին արձագանքելիս: Իսկ Կապանի 254 բազմաբնակարան շենքերի վերին հարկերից ահազանգեր ստանալիս՝ դեպքի վայր է մեկնում 1983-ից մնացած ավտոսանդուղքը, որը թեև հին է, բայց ինչպես մյուս մեքենաները, սարքին ու կոկիկ վիճակում է: Հրամանատարը վստահեցնում է, որ անսարք վիճակում ոչինչ չունեն կայանած, անկախ տեխնիկայի հնամաշ լինելուց, պարբերաբար նորոգում և իրենց առջև դրված խնդիրները հարկ եղածի պես կատարում են: Հաջորդ հատվածը, որտեղ ուղեկցեցին, քաղաքային որոնողափրկարարական թիմի համար նախատեսված գույք-սարքավորումների պահեստն է: Կողպված դռան ետևում տեսանք նոր, ժամանակակից սարքավորումների, գույքի մեծ պաշար, որոնք պահեստավորված են արկղերում և կկիրառվեն խիստ անհրաժեշտության դեպքում: Հրամանատարի հետ զրույցը պարբերաբար ընդհատվում էր, դեպքի վայրից զանգում և զեկուցում էին տիրող իրավիճակի մասին: «Փայլասարի բուսածածկ հատվածում հրդեհ է բռնկվել, հարակից անտառային գոտուն վտանգ է սպառնում, բայց տղաներն իրենց գործը լավ գիտեն»,- ասում է հրամանատարն ու հրահանգներ տալուց հետո շարունակում զրույցը:

«Ամռան այս սեզոնին ավելանում են հրդեհների վերաբերյալ ահազանգերը: Տարվա սկզբից 43 հրդեհի դեպք է գրանցվել, 62 կենցաղային կանչ, 13 ավտովթար: Նախորդ տարի եղանակն անձրևային էր, հրդեհի դեպքերը համեմատաբար քիչ էին: Խոշորամասշտաբ հրդեհների դեպքում գործի ենք դնում 8 տոննա տարողությամբ հրշեջ մեքենան, որն օգնության է հասնում նաև մարզի մյուս բնակավայրերին: Լեռնային տեղանքներով պայմանավորված՝ որոշ դժվարությունների ենք բախվում, երբեմն բարձրադիր գոտիներ նույնիսկ «Ռենոն» չի կարողանում հասնել, տղաները ձեռքի տակ եղած միջոցներով են սկզբնական հրդեհաշիջումն անում»:

Դեռ պահեստներում էինք, երբ «օձի կանչ» ստացած հրշեջ-փրկարարների խումբը վերադարձավ Հալիձոր թաղամասից: Ասում են՝ տեղի օձերի մեծ մասը թունավոր չէ, հիմնականում Գյուրզա տեսակի օձերն են վտանգավոր, դրանք էլ հազվադեպ են հանդիպում: Սասունի ձեռքին օձ բռնող գործիքն է, պարզվում է՝ դրա հեղինակը ջոկատի տղաներից է՝ Ժիրայրը, որն առանց գործընկերներին իմաց տալու հորինել է սարքը և պատրաստ վիճակում ցուցադրել նրանց: «Օձ բռնելու համար հատուկ հմտություն պետք չէ, երբ սողունը փախչելու տեղ չի ունենում, կծկվում է, իսկ այս գործիքը շատ հարմար է դրան բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար: Հալիձոր թաղամասում բնակիչը նկուղային հարկում օդափոխության համար անցքեր էր բացել, սողունը մտել էր դրա մեջ, տանտերը փորձել է բռնել, սակայն պոչը մնացել էր ձեռքի մեջ, իսկ օձը թաքնվել էր ճեղքում»,- մանրամասնում են դեպքի վայրից վերադարձած հրշեջ-փրկարարները:

Զրույցը նոր էինք ավարտել, երբ հեռվից երևաց «Ռենո», ամենագնացը, հրշեջ-փրկարարների մյուս խումբն էլ շուտով ժամանեց: Ջոկատում ինչպես հին կադրերի տեսանք, այնպես էլ նոր, երիտասարդ փրկարարների: Հրշեջ-փրկարարների մեծ մասը բարձրագույն կրթությամբ են, ոմանք Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ են, այժմ էլ այնտեղ սովորող ուսանողներ կան, շուտով նրանց շարքերը կհամալրեն նորերը: Կապանի ՀՓՋ-ի անձնակազմը 90 տոկոսով համալրված է, թափուր աշխատատեղեր չկան, միայն ընթացիկ տարում 9 նոր աշխատող են ընդունել:

«Շատերն են դիմում, երիտասարդների շրջանում հետաքրքրությունն ու ցանկությունը մեծ է փրկարարական գործի հանդեպ: Կադրեր ընտրելիս հաշվի ենք առնում գիտելիքներն ու ֆիզիկական պատրաստվածությունը: Եռամսյա դասընթացների են մասնակցում, բացի դրանից, ջոկատում դասացուցակով ամենօրյա պարապմունքներ ենք անում, հրշեջ տակտիկա, հրշեջ տեխզինվածություն և այլն»,- տեղեկացրեց Կապանի ՀՓՋ հրամանատարը, որը հպարտանում է իր ջոկատի յուրաքանչյուր կադրի նվիրված աշխատանքով:

Տղաները սրտացավ են ցանկացած կանչի դեպքում, հարազատ՝ գործընկերների հանդեպ, մեկ տանիքի տակ ապրում և աշխատում են ընտանիքի պես, նեղության պահին էլ միմյանց ձեռք մեկնում՝ լինի աշխատավայրում կամ դրա սահմաններից դուրս…

— Քաղաքում ջոկատի տղաներին դեմքով ու անուններով գրեթե բոլորն են ճանաչում, միշտ շնորհակալություն հայտնում օգնության ձեռք մեկնելու համար: Իսկ մեզ համար կարևորը գնահատված ու հարգված լինելն է, ինչն ավելի է ոգևորում ու խթանում ծառայությունը լավագույն կերպով իրականացնելու համար,- զրույցը եզրափակում է Կապանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Ասատրյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Կապան-Երևան