Գլխավոր Վերլուծություն ԵՄ թվինինգ ծրագիր. Միջանկյալ ամփոփում

ԵՄ թվինինգ ծրագիր. Միջանկյալ ամփոփում

329
Տարածել

2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի դեկտեմբեր հատվածում Հայաստանում իրագործվող Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի ժամկետի կեսն արդեն անցել է: Ծրագրի մշտական խորհրդատու (համակարգող), Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Անաստասիա Եզերեցին խնդրեցինք ամփոփել արդեն արված աշխատանքն ու ներկայացնել 2022 թվականի հիմնական անելիքները:

Բաղադրիչ 1. Բնակչության պաշտպանության իրավական եւ օրենսդրական շրջանակի բարելավում

Արտակարգ իրավիճակների նախարարության, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմադրամի, Կարմիր խաչի եւ շահագրգիռ այլ կառույցների եւ կազմակերպությունների համագործակցությամբ վերջնական տեսքի են բերվել եւ կառավարությանը ներկայացվել «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը եւ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը եւ դրա իրականացման գործողությունների ծրագրի» նախագիծը:

Բաղադրիչ 2. Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում

Վերանայվում է տեղական մակարդակում ռիսկերի կառավարման (ՏՄՌԿ) մեթոդաբանությունը, մշակվում է փրկարարական աշխատանքներում կամավորների ներգրավման հայեցակարգը, մշակվում է աղետների մասին բնակչության իրազեկվածության մակարդակը պարզելուն ուղղված հարցման անցկացման կարգը: Հարցաթերթիկի նախագիծն արդեն պատրաստ է:

Բաղադրիչ 3. Կարողությունների զարգացում՝ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը եւ զարգացումը ապահովելու համար

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է փրկարար ծառայության աշխատակիցների հարցում՝ բացահայտելու համար նրանց մոտիվացնող եւ ապամոտիվացնող գործոնները, ինչպես նաեւ բավարարվածության մակարդակն իրենց աշխատանքին տարբեր գործոններից: Հարցումն անցկացվել է հեռավար-առցանց, անանուն, մասնակցել են թե՛ սպաներ, թե՛ կրտսեր ծառայողներ:

2022 թվականի անելիքներ

Ծրագրում ներգրավվել են նոր փորձագետներ Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից (MSB)՝ Պեր Հուլտման (Per Hultman), Անն-Շարլոտ Քարլգվիստ (Ann-Charlotte Carlgvist), Էրիկ Եգարդտ (Erik Egardt), Հալդոր Ստոլտ (Halldor Stolt) մի քանի ուղղությամբ զուգահեռ առաջ գնալու համար:

Փետրվարի երկրորդ կեսին Երեւանում կլինի Պեր Հուլտմանը, որը կօգնի վերանայել-կատարելագործել փրկարարների կարողությունների զարգացման առկա համակարգը եւ մշակել «Ուսուցանողների ուսուցում» (The Training of Trainers՝ ToT) ծրագիր այն փրկարարների համար, որոնք պետք է ուսուցանեն փրկարար ծառայությունում նոր աշխատանքի անցնողներին: Ստաժավոր փրկարարներն իհարկե բարձրակարգ մասնագետներն են, բայց ունեցած գիտելիքը, փորձն ու հմտությունը նորեկին փոխանցելու համար որոշակի մանկավարժական կարողություններ են պետք: «Վերապատրաստողների վերապատրաստում» ծրագիրը կօգնի առավել արդյունավետ դարձնել փորձված փրկարարների փորձի փոխանցումը նորեկներին:

Էրիկ Եգարդտը Երեւանում կլինի մարտի վերջին եւ կօգնի վերանայել տեղական մակարդակում ռիսկերի կառավարման՝ ՏՄՌԿ մեթոդաբանությունը եւ կամավորության հայեցակարգը:

Հալդոր Ստոլտը կօգնի աղետների արձագանքման տեղական, մարզային, ազգային մակարդակներում պետական եւ տեղական մարմինների պատասխանատվության եւ պարտականությունների վերանայման հարցում:

Հանրային իրազեկման խնդիրների շուրջ աշխատանքը շարունակելու համար Անն-Շարլոտ Կարլքվիստը մարտի վերջին կայցելի Երեւան՝ շարունակելու աջակցել նախարարությանն այս ոլորտում։ Անաստասիա Եզերեցի խոսքով, ցանկալի է, որ նախարարությունն անցկացնի բնակչության հարցում՝ պարզելու համար աղետներից հանրային իրազեկվածության մակարդակն ու մշակելու իրազեկվածության բարձրացման միջոցառումներ եւ բարձրացնելու բնակչության պատրաստվածության մակարդակը: Փրկարար ծառայությունը պետական համակարգում կարեւոր օղակ է եւ աշխատում է, սակայն հայտնի է, որ խոշոր հրդեհները հաճախ ծագում են փոքրիկ կայծից եւ հնարավոր կլինի նվազեցնել կորուստներն ու վնասները, եթե յուրաքանչյուրն իմանա ինչպես կանխել աղետը եւ ինչ անել աղետի դեպքում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

Հ.Գ. «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մասին կարդացեք նաեւ.

Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

Ձեւավորվել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի աշխատանքային խումբը

ԱՌԿ շվեդական փորձը. Ոչ թե ասել ինչ անի, այլ՝ ինչ արդյունք ստանա

EUCPM. Բնակչության պաշտպանության եվրոպական փորձը

Կարեւոր է յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը

Տեղյակ լինելը ցրտից պաշտպանող տաք ծածկոց է

Անհատական պատրաստվածությունը համընդհանուր ապահովության բաղկացուցիչ է

Հանրային իրազեկման շվեդական փորձը