Գլխավոր Վերլուծություն ԵՄ թվինինգ ծրագիր. Տեղյակ լինելը ցրտից պաշտպանող տաք ծածկոց է

ԵՄ թվինինգ ծրագիր. Տեղյակ լինելը ցրտից պաշտպանող տաք ծածկոց է

3305
Տարածել

2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի դեկտեմբեր հատվածում Հայաստանում իրագործվող Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի առաջին բաղադրիչով (Բնակչության պաշտպանության իրավական եւ օրենսդրական շրջանակի բարելավում) նախատեսվում է ոլորտում եվրոպական փորձի ուսումասիրություն, «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունում, աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման մոնիթորինգ, կարողությունների գնահատման մոնիթորինգի գործիքակազմի մշակում եւ այլն: Բաղադրիչի ղեկավարը Լիտվայի ներքին գործերի նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության խորհրդի քաղաքացիական պաշտպանության պլանավորման եւ համակարգման բաժնի պետ Տատյանա Միլկամանովիչն է (Tatjana Milkamanovic): Վերջինս ոլորտում 20 տարվա աշխատանքային փորձ ունի: 10 տարի զբաղվել է փրկարար ծառայության արտաքին հարաբերությունների հարցերով՝ ուսումնասիրել շատ երկրների փորձ, իսկ վերջին 10 տարին աշխատում է քաղաքացիական պաշտպանության օրենսդրական եւ ռազմավարական փաստաթղթերի մշակմամբ: Եվրամիության խորհրդում (նախարարների խորհուրդ) Լիտվայի նախագահության տարում՝ 2013-ին, Տատյանա Միկլամանովիչը ղեկավարել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (European Union Civil Protection Mechanism՝ EUCPM) աշխատանքի արդյունավետության բարձրացման օրենսդրական կարգավորումների թարմացումները մշակող աշխատանքային խումբը: «Բնակչության պաշտպանության իրավական եւ օրենսդրական շրջանակի բարելավում» բաղադրիչի փորձագետներից մեկն էլ Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Աննա Սյոդինն է (Anna Sjodin): Նա մեզ կօգնի աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության թարմացման եւ մոնիտորինգի գործիքակազմի մշակման հարցերում:

Մեզ հետ զրույցում Տատյանա Միլկամանովիչն ասաց, որ «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքը կկարգավորի բնակչության պաշտպանության տարբեր հարցեր. «Օրենքը մեծ ձեռքբերում կլինի, հաճելի կլիներ, որ օրենքն ընդուվեր մեր թվինինգ ծրագրի գործողության հատվածում: Փրկարարներն իհարկե արագ եւ օպերատիվ են արձագանքում, բայց ժամանակն է արձագանքման փոխարեն կանխարգելմանն անցնելը, նախապատրաստվելն ու պատրաստված լինելը: Շատ է խոսվում գործողությունների համակարգման մասին, բայց պետք է հասնենք նրան, որ աղետի հետեւանքների վերացման, արտակարգ իրավիճակներին արձագանքման աշխատանքներում ներգրավված բոլոր գերատեսչություններն աշխատեն մեկ օրգանիզմի նման՝ ամեն մեկը գիտի ինչ անել ու չի կրկնում կամ խանգարում մյուսին: Պարզ որոշումներն ավելի արդարացված են»:

Օրենքի ընդունմանը զուգահեռ կթարմացվի «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունն» ու գործողությունների ծրագիրը: «Այս գործողությունները կօգնեն կամ խուսափել աղետներից կամ նվազեցնել վնասներն ու կորուստները»,- վստահ է Տատյանա Միլկամանովիչը:

ԱՌԿ հարցերում տարբեր մակարդակներ կան՝ տեղական, մարզային, ազգային եւ բազմաթիվ գերատեսչություններ են ներգրավված: Բայց պետք չի մոռանալ, որ աղետին առաջինն առնչվում է հենց քաղաքացին՝ բնակչությունը եւ բնական է, որ նրանք պետք է իրազեկ լինեն, թե իրենց համայնքում ինչ ռիսկեր կան եւ ինչ պետք է անել աղետի դեպքում. «այս տեղեկությունը կօգնի կյանքեր փրկել: Շատ երկրներում առաջին արձագանքման պատռասխանատուն տեղական ինքնակառավարման կառույցներն են: Համայնքներում մարդիկ ոչ միայն իրենց եւ իրենց ընտանիքների մասին են մտածում, այլ նաեւ օգնության հասնում հարեւաններին: Անգամ եթե ոչ բոլորը, այլ միայն համայնքի բնակչության կեսից ավելին տեղյակ լինի ինչ եւ ինչպես անել, դա կդառնա ցրտից պաշտպանող տաք ծածկոց»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մասին կարդացեք նաեւ.

Կարեւոր է յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը

Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

EUCPM. Բնակչության պաշտպանության եվրոպական փորձը

ԱՌԿ շվեդական փորձը. Ոչ թե ասել ինչ անի, այլ՝ ինչ արդյունք ստանա