Գլխավոր ՀՀ ՆԳՆ Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

2735
Տարածել

Տեղեկացրել ենք, որ 2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի սեպտեմբեր հատվածում Հայաստանում կիրագործվի Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրը:

Կատարողներն են Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը, Լատվիայի ներքին գործերի նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչությունը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը: Ծրագրի կոնկրետ պլանը մշակվելու է ըստ Հայաստանի փրկարարների կարիքների: «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագիրն երեք բաղադրիչ ունի: Հայկական կողմն արդեն մշակել եւ գործընկերներին է ներկայացրել այս ծրագրով կարիքները՝ ըստ բաղադրիչների.

Բնակչության պաշտպանության իրավական եւ օրենսդրական
շրջանակի բարելավում

Ոլորտում եվրոպական փորձի ուսումասիրություն, «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունում, աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման մոնիթորինգ, կարողությունների գնահատման մոնիթորինգի գործիքակազմի մշակում եւ այլն:

Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում

Աղետների ռիսկի նվազեցման եւ ճգնաժամային կառավարման մասնագետների ներգրավվում մարզային եւ համայնքային մակարդակներում, տեղական մակարդակում ռիսկերի կառավարման եվրոպական փորձի ուսումնասիրություն, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության հստակեցում, տեղական մակարդակում ռիսկերի կառավարման արդյունավետության գնահատման ուղեցույցի մշակում եւ այլն:

Կարողությունների զարգացում՝ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը եւ զարգացումը ապահովելու համար

Փրկարար ծառայության անձնակազմի կարողությունների բարելավման գործողությունների ծրագրի մշակում, փրկարարների կարողությունների եւ որակավորման բարձրացման գործում ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ծրագրերին նպաստելու գործողությունների ծրագրի մշակում, փրկարարների համար «Վերապատրաստողների վերապատրաստում» ծրագրի մշակում եւ այլն:

Ըստ նախնական պայմանավորվածության, 2021 թվականի հունվարին Հայաստան կայցելեն «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի շվեդ փորձագետները, որոնց հետ քննարկումների արդյունքում էլ հայկական կողմի կարիքների ցուցակը վերջնական տեսքի կբերվի:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ