Գլխավոր Վերլուծություն ԵՄ թվինինգ ծրագիր. Հանրային իրազեկման շվեդական փորձը

ԵՄ թվինինգ ծրագիր. Հանրային իրազեկման շվեդական փորձը

3341
Տարածել

2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի դեկտեմբեր հատվածում Հայաստանում իրագործվող Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի երկրորդ բաղադրիչի («Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում») ղեկավար, Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Սեսիլիա Ուներամը փրկարար ծառայությունում աշխատանքի 25 տարվա փորձ ունի, եղել է իրարից 20 կմ հեռու երկու քաղաքների Վինկոնգեն, Կոնտրիհոլմ վարչակազմերի հրդեհային անվտանգության պատասխանատու, հրդեհային պաշտպանության շվեդական ասոցիացիայի հանրային կապերի եւ հանրության իրազեկման հարցերի ավագ փորձագետ, շվեդ փրկարարների միջզգային առաքելությունների կազմում եղել աշխարհի տասնյակ երկրներում՝ Թաիլանդ, Լիբանան, Հնդկաստան, Չինաստան, Արաբական միացյալ էմիրություններ, Խորվաթիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Գերմանիա եւ այլն: Մեզ հետ զրույցում Սեսիլիա Ուներամը ներկայացրեց ճգնաժամային հաղորդակցության կամ արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման շվեդական փորձը:

Ինչպես եւ բազմաթիվ այլ երկրներում, Շվեդիայում էլ հանրային իրազեկումը երեք փուլի է բաժանվում՝ աղետից առաջ, ընթացքում, հետո: Շվեդիայում մեծ տեղ են տալիս աղետից առաջ իրազեկմանը: «Թիվ մեկ խնդիրը կանխարգելումն ու պատրաստվածությունն է», — տեղեկացրեց Սեսիլիա Ուներամը:

Արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման շվեդական համակարգը ուղղահայաց է՝ «ներքևից վերեւ», պատասխատանատվություն եւ պարտավորություն ունեն բոլորը՝ համայնքապետարաններ, մարզային եւ ազգային իշխանություններ:

Ճիշտ տեղեկությունը ճիշտ ժամանակին եւ ճիշտ հասցեատիրոջը հասցնելու համար կիրառվում է բավականին հարուստ գործիքակազմ:

1. Տպագիր նյութեր

Տպագրվում են տարբեր թեմաներով գրքույկներ՝ «Ավելի ապահով հասարակություն փոփոխվող աշխարհում», «Սոցիալական անվտանգություն», «Կորոնավիրուսը եւ դավադրությունների տեսություն», «Տարերային աղետների դեմ պայքարի շվեդական հարթակ», «Թափոնների կառավարման ուղեցույց», «Խելացի հեռախոսների, պլանշետների ճիշտ օգտագործման ուղեցույց», «Բալթիկ ծովում նավթի արտահոսքից պաշտպանության համակարգային մեխանիզմի հետազոտություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռիսկերը կառավարելու եւ կանխարգելման կարողությունները զարգացնելու միջոցառումներ» եւ այլն: Այս հրատարակությունները բաց են եւ հասանելի Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության կայքում: Որոշ ձեռնարկներ՝ համայնքում առկա ռիսկերի, քիմիկական օբյեկտների, փրկարար եւ հրշեջ ծառայության ստորոբաժանումների տեղակայման հասցեների, ճգնաժամի ժամանակ ճիշտ վարքականոնի մասին, սովորական փոստով ուղարկվում են տվյալ համայնքի բոլոր բնակիչներին: Քանի որ Շվեդիան ներգաղթի խնդիր ունի, բազմաթիվ նյութեր թարգմանվում են տարբեր լեզուներով: Քարոզչական նյութերից մեկը թարգմանվել էր 13 լեզվով:

2. «Հրշեջ դեսպան» քարոզարշավ

Այս հարցում ակտիվ են հատկապես երիտասարդները: Ձեւավորվում են կամավորական ջոկատներ, որոնք տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների օգնությամբ եւ խորհրդով հրդեհային անվտանգության քարոզարշավներ են կազմակերպում:

3. Ճգնաժամային արկղ (տուփ)

Շվեդիայում լայնորեն տարածված է եւ ազատ վաճառվում է ճգնաժամային արկղ (տուփ): Տուփի պարունակությունը մշակվել է ճգնաժամային պատրաստվածության փորձագետների խորհրդակցությամբ: Սա ոչ շատ մեծ պայուսակ է, որում պետք է լինեն՝ շշով ջուր, մոմեր, լապտեր, լուցկի եւ կրակայրիչ, լապտեր, տաք հագուստ, ջրի մաքրման հաբեր, հիգենայի պարագաներ: Ճգնաժամային արկղ վաճառող խանութներում գնորդների համար պաստառներ կան՝ «Գնելով այս արկղը, դուք նպաստում եք ճգնաժամերի կանխարգելման եւ աղետների դեմ պայքարին»:

4. Հիշարժան օրեր

Տարվա տարբեր եղանակներին եւ տարբեր առիթների նվիրված օրերին կազմակերպվում են քարոզչական միջոցառումներ. ամռանը հրդեհների պատճառ չդառնալու, լճերի եւ գետերի ափերին ակտիվ հանգիստ կազմակերպելիս անվտանգության կաննոներին հետեւելու, ձմռանը ձյունածածկ ճանապարհներին ուշադիր լինելու եւ այլ թեմաներով:

5. Այցեր տնետուն

Հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները փրկարարի հագուստով այցելում են տներ: «Դուք պետք է ապրեք ապահով տնային միջավայրում», սա է հիմնական ասելիքը: Փրկարարներն իրազեկում են, թե ինչպես կարելի է կանխել հրդեհը, ինչ անել, եթե այնուամենայնիվ հրդեհ է բռնկվել: Փրկարարներն առաջարկում են համատեղ ուժերով ստուգել տան կամ բնակարանի հակահրդեհային համակարգը: Փրկարարները քաղաքացիներին են այցելում փրկարարական մեքենայով եւ տարածքով գտնվող ցանկացած մարդ կարող է մոտենալ մեքենային, փրկարարները նրան էլ կիրազեկեն ու տեղեկացնեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի մասին կարդացեք նաեւ.

Անհատական պատրաստվածությունը համընդհանուր ապահովության բաղկացուցիչ է

Տեղյակ լինելը ցրտից պաշտպանող տաք ծածկոց է

Կարեւոր է յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը

Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

EUCPM. Բնակչության պաշտպանության եվրոպական փորձը

ԱՌԿ շվեդական փորձը. Ոչ թե ասել ինչ անի, այլ՝ ինչ արդյունք ստանա