Գլխավոր Միջոցառումներ ԵՄ թվինինգ ծրագիր. Անհատական պատրաստվածությունը համընդհանուր ապահովության բաղկացուցիչ է

ԵՄ թվինինգ ծրագիր. Անհատական պատրաստվածությունը համընդհանուր ապահովության բաղկացուցիչ է

3500
Տարածել

2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի դեկտեմբեր հատվածում Հայաստանում իրագործվող Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում, այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպվել էր «Ռիսկերի կառավարումը հանրային իրազեկման ոլորտում» սեմինար, որին մասնակցում էին ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ փրկարար ծառայության, աշխատակիցներ, լրագրողներ: Բանախոսներն էին Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչներ «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու (համակարգող) Անաստասիա Եզերեցը, ծրագրի երկրորդ բաղադրիչի («Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում») ղեկավար Սեսիլիա Ուներամը, Քրիստինա Անդերսոնը, Շվեդիայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Սառա Լեգրան եւ Շվեդիայի խոշորացված՝ 100 հազար բնակիչ ունեցող, Բոտկիրկա համայնքի ներկայացուցիչ Սյուզան Ուայգլը:

Ըստ բանախոսների, աղետների ռիսկի նվազեցումը բաժանվում է չորս փուլի՝ կանխարգելում, պատրաստվածություն, արձագանքում, վերականգնում եւ բոլոր փուլերում էլ պետք է հանրային իրազեկում: Վերջին 20 տարում փրկարարական ծառայությունները շեշտը դնում են աղետների կանխարգելման աշխատանքների վրա, ըստ այդմ էլ փոխվել են հանրային իրազեկման խնդիրները: Մարդկանց պետք է ասել-բացատրել, որ յուրաքանչյուր ոք կարեւոր մաս է ողջ երկրի անվտանգության: Շվեդիայում անվտանգությունը հիմնված է քաղաքացիների անհատական գիտակցության վրա, անհատական պատասխանատվությունը եւ պատրաստվածությունը համընդհանուր ապահովության բաղկացուցիչ է: Սրա համար լայն գործիքակազմ է մշակված՝ տեղեկությունների, այդ թվում՝ ուսուցողական նյութերի, տեսանյութերի տարածում պաշտոնական եւ սոցիալական կայքերով, լրատվամիջոցների հետ համագործակցություն, քարոզչական արշավներ, այցեր տուն առ տուն: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում Շվեդիայում սովորական փոստով բոլոր քաղաքացիներին են ուղարկում գրքույկներ, որոնցում ամփոփ տեղեկություններ կան տվյալ համայնքում առկա ռիսկերի, քիմիկական օբյեկտների, փրկարար եւ հրշեջ ծառայության ստորոբաժանումների տեղակայման հասցեների, ճգնաժամի ժամանակ ճիշտ վարքականոնի մասին: Քանի որ Շվեդիան այլազգիների ներգաղթի լուրջ խնդիր ունի, այս ամենը թարգմանվում է նաեւ այլ լեզուներով: Քարոզչական նյութերից մեկը թարգմանվել էր 13 լեզվով: Քիչ չեն ժեստերի լեզվով քարոզչական-ուսուցողական տեսանյութերը: Շվեդիայում «Հրշեջ դեսպան» քարոզարշավ է իրականացվում՝ խոշոր գործարարն իր արտադրական, գյուղատնտեսական կամ այլ ձեռնարկությունում հակահրդեհային համակարգ է տեղադրում եւ քարոզչական աշխատանքներ իրականացնում իր աշխատողների եւ հարակից տարածքների բնակչության համար: Սա աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներդրում է: Պարտադրանք չկա, միայն քարոզչական աշխատանքներ:

Անվտանգության վարքականոն է քարոզվում բոլոր հարցերում՝ հեծանիվ վարելու, դահուկով սահելու կանոններից մինչեւ քաղաքացիական պաշտպանություն: Քարոզչական նյութերում տարբեր մոտեցումներ եւ ոճեր են կիրառվում: Օրինակ եթե անսթափ վարորդներ չունենալու համար հրամայական «Եթե ալկոհոլ եք օգտագործել մեքենա մի՛ վարեք» արտահայտությամբ պաստառ է տարածվել, ապա ամառային հանգիստը լճերի ափերին անցկացնողների համար «Ալկոհոլը բարձրացնում է ինքնագնահատականն ու մեծացնում խեղդվելու ռիսկը» ավելի շատ պատմողական-արձանագրային ոճի «հնարք» է կիրառվել:

Հանրային իրազեկման կարեւորությունն ընդգծելու համար յուօրինակ զուգահեռ անցկացրեց «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի երկրորդ բաղադրիչի («Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում») ղեկավար Սեսիլիա Ուներամը. «Մեծ փղին ոչ ոք չի կարող ամբողջությամբ ուտել, բայց մաս-մաս՝ հնարավոր է: Հանրային իրազեկմամբ արդյունքի կհասնես, եթե քայլ առ քայլ առաջ գնաս, միանգամից չի ստացվի»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի մասին կարդացեք նաեւ.

Տեղյակ լինելը ցրտից պաշտպանող տաք ծածկոց է

Կարեւոր է յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը

Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

EUCPM. Բնակչության պաշտպանության եվրոպական փորձը

ԱՌԿ շվեդական փորձը. Ոչ թե ասել ինչ անի, այլ՝ ինչ արդյունք ստանա