Գլխավոր Վերլուծություն ԵՄ թվինինգ ծրագիր. Կարեւոր է յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը

ԵՄ թվինինգ ծրագիր. Կարեւոր է յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը

3492
Տարածել

2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի դեկտեմբեր հատվածում Հայաստանում իրագործվող Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում անցկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների հարցում՝ բացահայտելու համար նրանց կարիքներն ու պահանջները: Հարցումն անցկացվել է հեռավար-առցանց, անանուն, հարցվել են թե՛ սպաներ, թե՛ կրտսեր ծառայողներ: Տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»: Սա մեր փրկարարների առաջին նման հարցումն է:

«Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու (համակարգող), Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Անաստասիա Եզերեցի խոսքով, հարցաշարը կազմվել է այնպես, որ առավելագույնս ընդգրկի փրկարար ծառայության աշխատակիցների աշխատանքի որակի վրա ազդող բոլոր գործոնները. «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի նպատակը ոչ թե հարցում անցկացնելն է, այլ՝ մեթոդաբանություն մշակելը, այլ երկրների փորձն ուսումնասիրելը, որի օգնությամբ արդեն հնարավոր կլինի պարբերաբար հարցումներ կազմակերպել», — տեղեկացրեց ծրագրի համակարգողը:

Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, թվինինգ ծրագրի աշխատանքային խմբի անդամ, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, հարցախույզը հետաքրքիր էր, հարցերի շրջանակը՝ լայն. ծառայության շենքային պայմաններ, համազգեստ, վերջին տարիների բարեփոխումներ (աշխատավարձի բարձրացում եւ այլն), կին փրկարարների մասնակցության պայմաններ, վերադասի կողմից խրախուսումներ եւ գնահատականներ, նորարարական մեթոդների կիրառում, փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու առաջարկներ եւ այլն:

Անաստասիա Եզերեցը վստահ է, որ պետք է պարբերաբար անցկացնել աշխատակիցների հարցումներ, որ ղեկավարությանը օգնես տեսնել իրական պատկերը. «Իհարկե ղեկավարությունը գիտի ինչ է կատարվում, ինչ կարիքներ կան, սակայն կան առաջին հայացքից ոչ տեսանելի իրավիճակներ՝ անգամ ղեկավարության համար ու այս հարցումները հիանալի հնարավորություն են ցույց տալու իրականությունը: Հարցման ոչ պակաս կարեւոր նպատակ՝ կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի հնարավորություն տալ ներկայացնելու սեփական կարծիքը: Ղեկավարության տեսակետը կարող է ընդհանրական լինել, ձեւավորված ակնհայտ իրողություններից ստացած տպավորությունների վրա, իսկ յուրաքանչյուր աշխատակից ցանկանում է լսելի լինել: Սա հնարավոր է միայն հարցման արդյունքում, իսկ այս դեպքում մենք խոսում ենք ավելի քան 3000 աշխատակցի մասին», — նկատեց Անաստասիա Եզերեցը:

Որեւէ հարցումը չի լուծում խնդիրը: Հարցումը, բժշկական տերմիններով ասած, զննում-ախտորոշում է: Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունում (MSB) լայնածավալ (շատ հարցերով) հարցումներ անցկացվում են երկու-երեք տարին մեկ: Բայց տարեկան մեկ-երկու անգամ անցկացվում է կոնկրետ հարցում՝ տարիքային խտրականություն, գենդերային հավասարություն, կառավարման ոճ եւ այլն:

Հիմա «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի փորձագետները, աշխատանքային խմբի անդամները, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետները վերլուծում են մեր փրկարարների հարցման արդյունքները. «թիվը մի բան է, դրա հետեւում իրականությունը հասկանալը՝ այլ»: Նախատեսվում է հոկտեմբերի վերջին անցկացնել աշխատաժողով, որին կմասնակցեն փրկարար ծառայության ստորաբաժանումների (այդ թվում՝ մարզային) ղեկավարները: Կքննարկվեն հարցման արդյունքում բացահայտված խնդիրներն ու կորոշվեն դրանց լուծման ուղիները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մասին կարդացեք նաեւ.

Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

EUCPM. Բնակչության պաշտպանության եվրոպական փորձը

ԱՌԿ շվեդական փորձը. Ոչ թե ասել ինչ անի, այլ՝ ինչ արդյունք ստանա