Գլխավոր Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԱՌՆ ԳԼՈԲԱԼ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԱՌՆ ԳԼՈԲԱԼ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

787
Տարածել

Այս տարվա մայիսի 22-26-ը Մեքսիկայի Կանկուն քաղաքում կանցկացվի «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» հինգերորդ համաժողովը, որին կմասնակցի նաև մեր երկրի պատվիրակությունը՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ:

«Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» առաջին համաժողովն անցկացվել է 2007-ին՝ 2005-ի հունվարի 18-22-ը Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայի Քոբե քաղաքում անցկացված «Ազգերի ու համայնքների աղետներին դիմակայելու կարողությունների զարգացման» առաջին համաշխարհային համաժողովից երկու անց: Իսկ դրանից  հետո՝ երկու տարին մեկ: 2015-ին չի անցկացվել, քանի որ հրավիրվել է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի համաժողովը», որը Հյոգոյի ծրագրի շարունակությունն է:

Այս համաժողովների ժամանակ կարևորվել է աղետների նկատմամբ խոցելիության, աղետների վտանգի նվազեցմանն ուղղված ռազմավարական ու համակարգված մոտեցումների ներկայացման և խթանման՝ աղետներին դիմակայելու կարողությունների զարգացման անհրաժեշտությունը և արձանագրվել, որ աղետների ռիսկի նվազեցում-կառավարումը կլիմայի փոփոխությանը հարմարվելու, կայուն զարգացման և աղքատության կրճատման պայման է ու պետք է մեկտեղել ջանքերը, իրականացնել բազմամակարդակ ծրագրեր. տեղական-համայնքային, ազգային, միջպետական-տարածաշրջանային:

Ենթադրվում է, որ Կանկունի համաժողովին կմասնակցի ավելի քան 5000 մարդ՝ աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտներում պետական կառույցների ներկայացուցիչներ և քաղաքականություն մշակողներ, փորձագետներ:

Հայաստանը մասնակցել է «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» երրորդ՝ 2011 թվականի և չորրորդ՝ 2013 թվականի համաժողովներին:

«Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» հինգերորդ համաժողովի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում: