Գլխավոր Վերլուծություն Փրկարարական տարվա ամփոփում․ Արմավիր, Սյունիք, Արարատ, Տավուշ

Փրկարարական տարվա ամփոփում․ Արմավիր, Սյունիք, Արարատ, Տավուշ

218
Տարածել

Արմավիր

2022 թվականին Արմավիրի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 81679 զանգ (2021-ին՝ 95172), գրանցվել է 668 արտակարգ դեպք-պատահար։ 660 տեխնածին դեպքերից 257-ը եղել է հրդեհ։

Վարչության ծառայողները պարբերաբար ուշադրություն են դարձրել հանրակրթական դպրոցների աղետների ռիսկի նվազեցման պլանների մշակմանն ու կիրառմանը, մեթոդական օգնություն ցուցաբերել մարզի կազմակերպություններին՝ ԱՌԿ հարցերով։ Լրամշակվել են «Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» եւ «Արմավիրի մարզի բնակչության, նյութական եւ մշակութային արժեքների տարհանման» պլանները։

Մշակվել է 8 խոշորացված համայնքի քաղաքացիական պաշտպանության պլան, լրամշակման փուլում է Արմավիրի մարզի ՔՊ պլանը:

Տարվա ընթացքում վարչությանը հատկացվել են «Ուազ պատրիոտ», իսկ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատին՝ «Ուազ պիկապ» մակնիշի նոր ավտոմեքենաներ:

Ուսումնասիրվել են Բաղրամյանի ՀՓՋ-ի նոր շենքի կառուցման տեղն ու պայմանները, շինարարությունը պլանավորվում է 2024-ին։

Մարտ ամսից Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրում տեղակայված հրշեջ կամավորական հենակետը բերվել է մշտական պատրաստության, կամավոր հրշեջներն անցել են համապատասխան պատրաստություն, մասնակցել փրկարարների որակավորման քննություններին եւ ստացել որակավորում: Այս հենակետն անհրաժեշտության դեպքում արձագանքելու է Երվանդաշատ եւ Բագարան բնակավայրերում առաջացած արտակարգ իրավիճակներին մինչեւ Բաղրամյանի ՀՓՋ-ի ժամանումը:

Շահագործման է հանձնվել 7 նոր հիդրանտ։ Կապի եւ ազդարարման բարելավման նպատակով վարչության ստորաբաժանումներին հատկացվել է «Hytera» PD985 տիպի 6 դյուրակիր ռադիոկայան։ Ձեռք է բերվել 9 էլեկտրաշչակ։

Սյունիք

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ-ն ստացել է 74416 ահազանգ, որոնցից 880-ը՝ արտակարգ դեպքերի եւ պատահարների վերաբերյալ։ 689 տեխնածին դեպքից 403-ը եղել է հրդեհ։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով իրականացվել է հակաճառագայթային թաքստոցների՝ ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանության ուսումնասիրություն: Մարզային ՔՊ ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ՝ «Մարզի սահմանամերձ համայնքեր․ մարզային ՔՊ ծառայությունների հետ կապված հիմնական խնդիրները» եւ «Տարհանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման կարգը» թեմաներով։

Վարչության աշխատակիցները մասնակցել են մի շարք վերապատրաստման դասընթացների՝ «Զանգվածային խոցման/ախտահանման նոր սարքավորումներ», «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային գործողություններ», «Աշխատանքներ բարձրությունների վրա՝ ճոպանների միջոցով», «Անտառային հրդեհների մարում», «Անօդաչու թռչող սարքեր․ սկզբնական պատրաստություն», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում իրականացվող փրկարարական աշխատանքներ» եւ այլ թեմաներով։

Վարչության ենթակա ստորաբաժանումներում տարվել են շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ։

Արարատ

Արարատի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ-ն գրանցել է 1461 արտակարգ դեպք-պատահար (2021-ին՝ 1306), որոնց հետեւանքով զոհվել է 28, մարմնական վնասվածք ստացել 677 մարդ։ 583 տեխնածին դեպքից 509-ը եղել է հրդեհ։

Վարչության համապատասխան մասնագետներն ուսումնասիրել եւ հաշվետվություն են ներկայացրել մարզի 20 հեղեղատարի վտանգավոր հատվածներում կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։

Աշխատանքներ են տարվել համայնքներում հրշեջ հիդրանտների եւ հրշեջ ծորակների տեղադրման, գյուղական բնակավայրերում ջրավազանների կառուցման ուղղությամբ։ Ընդհանուր՝ տեղադրվել է 5 նոր հրշեջ հիդրանտ։

Պարբերաբար մշտադիտարկման եւ ուսուցողական աշխատանքներ են տարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակազմի հետ համատեղ։ Մաքրվել են «Խաչաձոր» եւ «Խոսրով» կոչվող տեղամասերի դժվարանցանելի ճանապարհները՝ մոտ 30կմ, ինչն օգնել է դեպքերին ավելի օպերատիվ արձագանքել։

Մարզի 4 քաղաքային համայնքի 83 բազմաբնակարան շենքում, 11 մասնավոր տան, 25 կազմակերպությունում կատարվել է նկուղային հարկերի ուսումնասիրություն, կազմվել են արձանագրություններ։

Տավուշ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ-ն գրանցել է 61664 զանգ (2021-ին՝ 57962), որոնցից 909-ը՝ արտակարգ դեպք-պատահարների վերաբերյալ։ 590 տեխնածին դեպքերից 352-ը եղել է հրդեհ։

Անցկացվել են 5 շտաբային, 2 ցուցադրական հատուկ տակտիկական, 21 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, 1 օբյեկտային վարժանք եւ տարբեր թեմաներով 11 դասախոսություն։ Դեկտեմբերի 8-9-ը Տավուշի ՔՈՓ թիմը մասնակցել է «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով դաշտային վարժանքին։

Վարչության եւ ճանապարհաշինական ընկերության ջանքերով Մ16 ավտոճանապարհի 40-րդ եւ Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքեր։

Մարզի 145 կազմակերպության ցուցաբերվել է մեթոդական օգնություն՝ ԱՌԿ պլանների մշակման ուղղությամբ։

Տարբեր ֆինանսական աղբյուրների շնորհիվ Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում տեղադրվել է 2, Վերին Ծաղկավան բնակավայրում՝ 1, Դիլիջան համայնքի «Մոնթե Մելքոնյան» ռազմական ուսումնարանում՝ 3 հրշեջ հիդրանտ։ Իջեւան համայնքի Սարիգյուղ բնակավայրում տեղադրվել է 1 ջրածորան:

Ուսումնասիրվել է 24480 մասնավոր տան, 462 բազմաբնակարան շենքի եւ 641 կազմակերպության նկուղ, որոշներում անցկացվել է կրկնակի ուսումնասիրություն։

Վարչությունը համալրվել է «Կամազ» մակնիշի բեռնատար-խոհանոց, Դիլիջանի ՀՓՋ-ն՝ «Ուազ» մակնիշի պիկապ, Իջեւանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ Տավուշի ՀՓՋ-ները՝ «Ուրալ» մակնիշի հրշեջ նոր ավտոմեքենաներով։ 4 ՀՓՋ-ներին հատկացվել են նաեւ 2-ական շարժական ռադիոկայան։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը վարչությանն ու ենթակա ստորաբաժանումներին նվիրել է առաջին օգնության պարագաներ։

Իջեւանի ՀՓՋ-ն առաջիկայում կունենա նոր շենք եւ ավտոկայանատեղի։

 

Հրապարակման պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. 2022 թվականին այլ մարզերում եւ Երեւանում կատարված աշխատանքների մասին կարդացեք.

Երեւան

Վայոց ձոր, Կոտայք, Շիրակ

Գեղարքունիք, Արագածոտն, Լոռի