Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 578 մեքենա

Արգելափակումից հանվել է 578 մեքենա

2441
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 275 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 38 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 15 կեղծ կանչ:

Փրկարարները 109 կենցաղային կանչ են ստացել, որից 70-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Նոր Նորք, Դավիթաշեն, Կենտրոն վարչական շրջանների եւ Լոռու, Արարատի, Տավուշի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 578 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 980 մարդ:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարները կեսգիշերին մոտ ահազանգ են ստացել, որ Գյուլբենկյան փողոցում շենքի անձրեւատար խողովակի վրա գումար է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարներն խողովակի վրայից իջեցրել են գումարը եւ փոխանցել սեփականատիրոջը:

Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արա լեռան ճանապարհին ուխտավորների խմբում վատառողջ քաղաքացի կա, վախենում է բարձրությունից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փկարարները 26 եւ 63-ամյա կանանք իջեցրել են սարից: