Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 361 կանչի են արձագանքել

Փրկարարները 361 կանչի են արձագանքել

126
Տարածել

2023 թվականի հունվարի 9-15-ը ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 361 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ փրկարարները 157 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Ավան, Կենտրոն, Նոր նորք, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում, Շիրակում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 8 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 16 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը բնակելի շենքի նկուղային հարկում», «Օդային տագնապ» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: